211652_close_icon
views-count960 դիտում article-date 16:04 25-08-2022

Երևանում օդի աղտոտվածությունը հասել է կարմիր գծին. հիմնական պատճառներից մեկը շինհրապարակների ավելացումն է

Երևանը օդի աղտոտվածության ցուցանիշով կարմիր գոտում է: Երևանից հետո Հայաստանի ամբողջ տարածքում փոշուց ամենաշատն աղտոտված են Վանաձոր, Ալավերդի և Գյումրի քաղաքները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը՝ ընդգծելով, որ խնդիրը նոր չէ, և այն պայմանավորված է վերջին տարիներին Երևանում իրականացվող համատարած շինարարությամբ, հանքարդյունաբերության ավելացմամբ և աղբավայրերի բաց այրմամբ: Իսկ մթնոլորտում գոյություն ունեցող գազերի առկայությունը պայմանավորված է հիմնականում ավտոտրանսպորտի արտանետումներով, քանի որ Երևանում հիմնական աղտոտման շարժական աղբյուրը ավտոտրանսպորտն է, իսկ անշարժ աղբյուրներից՝ բնակարաններում այրվող և ջերմաէլեկտրակայանում արտադրվող հոսանքի համար այրվող գազը:

«Կցանկանայի նշել, որ օդի՝ փոշուց աղտոտվածությունը տեղումների բացակայության պայմաններում, Երևանում ավելի սուր է դիտվում, բայց մենք աղտոտվածությունն ամբողջ տարվա ընթացքում ունենում ենք և նախորդ տարվա համեմատությամբ էլ էական մեծ տարբերություններ չկան: Այսինքն՝ Երևան քաղաքում դիտված աղտոտվածությունը նախորդող տարիներին էլ այսպիսի բարձր և մտահոգիչ շեմ է ունեցել»,- ասաց Գայանե Շահնազարյանը:

Նա նշեց, թե շատ կարևոր է, որ մեր հասարակությունը և շինարարական ընկերությունները նույնպես պատասխանատվություն ունենան: Շինարարական նախագծով արդեն իսկ ամրագրված են բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնց պարտավոր են հետևել կազմակերպությունները: Դա կլինի տարածքի ծածկապատում, շինհրապարակների լվացում և այլն:

Անդրադառնալով օգոստոսի 8-14-ը ընկած ժամանակահատվածում իրականացված մոնիթորինգի արդյունքներին՝ մասնագետը նշեց, որ այդ օրերին Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մինչև 3,5 անգամ:

«Մեր դիտակետերի դիտարկումների արդյունքների համաձայն՝ ամենաշատը աղտոտված է եղել Արշակունյաց պողոտան և Կրկեսի հարակից տարածքը: Իսկ Երևանից հետո Հայաստանի ամբողջ տարածքում ամենաշատը փոշուց աղտոտված են Վանաձոր, Ալավերդի և Գյումրի քաղաքները, որտեղ ժամանակ առ ժամանակ եղել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ»,- ասաց Գայանե Շահնազարյանը:  

Մնացած աղտոտիչների մասով մասնագետը հավելեց, որ ազոտի երկօքսիդի պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան դարձյալ պետկրկեսի տարածքում: Մնացած դիտակայաններում նույնպես եղել են հատվածներ, որտեղ նշված օրերի ընթացքում որոշակիորեն գերազանցել են, բայց եղել են օրեր, որ գերազանցումներ չեն եղել, փոփոխական տվյալներ են ստացվել:

Մասնագետը հավելեց, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ամենօրյա ռեժիմով իրականացնում է օդի աղտոտվածության մոնիթորինգ՝ փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարագայում:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետ Արմեն Լաբլաջյանը, անդրադառնալով խնդրին, նշեց, որ մթնոլորտային օդի պահպանության մասով խախտումները հիմնականում պայմանավորված են վերջին ժամանակներում լայնածավալ մեծ շինհրապարակների ավելացման, Երևան քաղաքում հանքերի շահագործման, ինչպես նաև տրասնպորտային միջոցներով սորուն նյութերի տեղափոխման (որ հիմնականում կատարվում է կանոնների և համապատասխան պայմանների խախտումով, այսինքն` առանց անթափանց ծածկերով տեղափոխելու) պատճառով:

Անդրադառնալով շինհրապարակներին՝ նա նշեց, որ դրանք պետք է պարբերաբար ջրվեն և հնարավորինս խոնավ վիճակում պահվեն, որպեսզի արտանետումներ չլինեն, ինչպես նաև սորուն նյութերը պետք է պահվեն փակ տարածքներում կամ ծածկված լինեն անթափանց ծածկոցներով, որպեսզի քամիների պարագայում մթնոլորտում անօրգանական փոշու աղտոտվածության մակարդակը չավելանա:

«Կանխարգելելու նպատակով մենք հաճախակի հանդիպումներ ենք կազմակերպում տնտեսավարողների հետ, որոնց մասնակից ենք դարձնում ոլորտին առնչվող պետական մարմիններին, օրինակ՝ քաղաքապետարանին, ինչպես նաև շինարարական մասով տեսչական մարմնի ներկայացուցիչներին: Արձանագրվում է, թե որոնք են  խախտումների հաճախակի դեպքերը, տրվում են բանավոր հանձնարարականներ, իսկ հետագայում հետևում ենք այդ հանձնարարությունների պատշաճ կատարմանը»,- ասաց Արմեն Լաբլաջյանը:

Նա ընդգծեց՝ վերջին շրջանում նաև բնակչության կողմից են ստացել արձագանք, որ շինհրապարակներում իրավիճակը բավականին բարելավվել է և փոշու քանակը նվազել է: «Բայց պետք է նշեմ, որ ամբողջ աշխարհում էլ չկա մի շինարարական հարթակ, որտեղ ընդհանրապես փոշի չարտանետվի, ուղղակի պետք է բնապահպանական միջոցառումները հնարավորինս ավելացվեն՝ հաճախակի ջրվեն, օգտագործվեն նորացված տեխնիկաներ և տեխնոլոգիաներ»,- ասաց նա:

Անդրադառնալով տուգանքներին՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի բաժնի պետը նշեց, որ մեկ տարվա ընթացում վարչական տույժի է ենթարկվել 29 շինարարական կազմակերպություն՝ ընդհանուր տուգանվելով 4 միլիոն 500 հազար դրամ, իսկ բնությանը պատճառած վնասի մասով կիրառվել է 1 միլիոն 201 հազար 721 դրամի տուգանք:

Այս տարվա ընթացքում արդեն իսկ ստուգվել են 9 հանքավայրեր, որոնց նկատմամբ վարչական տույժեր են նշանակվել 2 միլիոն 530 հազար դրամի չափով, և հաշվարկվել է բնությանը պատճառված վնասի չափը, որը կազմել է 23 միլիոն 74 հազար 228 դրամ:

Ավտոտրանսպորտային միջոցներով նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 ՀՀ դրամի չափով:

Շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 ՀՀ դրամի չափով:

Նմանատիպ նյութեր