211652_close_icon
views-count117618 դիտում article-date 09:37 25-08-2022

Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կոտրել գազատար խողովակն ու բնակչի տան քարե պարիսպը, հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Ավշար գյուղի Խորենացի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և նշված փողոցի 24 հասցեի դիմաց վրաերթի ենթարկել Ավշար գյուղի բնակիչ՝ 44-ամյա Ռուբիկ Անդրեասյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով մի քանի մետր շպրտվել է ու հայտնվել հարևանի տան բակում, տեղում մահացել է։

Վարորդն էլ դեպքի վայրից դիմել է փախուստի։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, ապա դին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և մեքենան մոտեցրել ավտոքարշակին։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ը, երբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել է բազալտե սալիկին, առաջ ընթանալով՝ կոտրել  
գազատար խողովակի հենասյունն ու բնակչի տան քարե պարիսպը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատի ոստիկանները, ճանապարհային ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ավտոմեքենան վարել է Արարատի մարզի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի բնակիչ՝ 22-ամյա Տ. Թ-ն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։ 

Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին. «Նշված վայրում հաճախակի են ավտովթարներ լինում, այդ թվում՝ ողբերգական; Բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, որպեսզի այդ հատվածում, որտեղ կա դպրոց, մանկապարտեզ, տեղադրվի կամ արագաչափ, կամ արհեստական անհարթություններ, սակայն՝ ոչ մի օգուտ, ու վստահ ենք, եթե դրանցից որևէ մեկը լիներ, ապա այս դեպքը տեղի չէր ունենա։ Հիմա գոնե այս ողբերգական դեպքից հետո կառավարությունը, Արարատի մարզպետարանը գոնե  մի բան անեն, խելք-խելքի տան, էս խնդիրը լուծեն, հակառակ դեպքում նորից հայտնվելու ենք կոտրած տաշտակի առաջ»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր