107897 դիտում
23:59 16-03-2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 57-ամյա վարորդը, ով եղել է ոչ սթափ, Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը պատճառաբանել է, որ խմել է դեպքից հետո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսoր՝ մարտի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի Աճառյան փողոցում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:00-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, և թողնելով անօգնական, դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ:
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կոտայքի օպերատիվ խումբը, սակայն պարզվել է, որ վրաերթի փաստով քննությունը պետք է անցկացվի Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում:
Փաստի առթիվ քննիչ Ա. Համզոյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մինչ դեպքի վայրում քննիչները տեղազննություն էին կատարում, Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանին տեղեկացրեց, որ մի քաղաքացի ահազանգել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ վրաերթն ինքն է կատարել, իր կողմից վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով և ավտոմեքենան գտնվում է ավտոտնակում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի ՃՈ պետի գլխավորությամբ ոստիկանները հայտնաբերեցին նշված ավտոմեքենան, որը Nissan X-Trail մակնիշի 35 СP 115 համարանիշի է, վարորդն էլ եղել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 57-ամյա Ալեքսանդր Ֆարամազյանը: Նա տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա գտնվում է խմածության ամենաբարձր աստիճանի: Նա ոստիկաններին հայտնեց, որ ինքը խմել է դեպքից հետո, քանի որ վախեցել է և ծանր է տարել տեղի ունեցածը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, քննիչ Ա. Համզոյանի որոշմամբ Ա. Ֆարամազյանը ձերբակալվել է: Ավտոմեքենան քննիչի որոշմամբ տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+