211652_close_icon
views-count54895 դիտում article-date 14:19 29-07-2022

Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի դարն ապրած տնակում բնակվող ամուսիններն ասում էին․ «32 տարի անց Ռուստամի շնորհիվ ունեցանք մեր երազած տունը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի միակ տնակի բնակիչներ Ալվարդ Խնուսյանն ու Աշոտ Թադեւոսյանը մինչեւ այս տարեվերջ կտեղափոխվեն նորակառույց բնակարան։ 30 տարուց ավելի ամուսիններն ապրում են տնակում, որը զուրկ է կենցաղային տարրական պայմաններից։ Անժառանգ ամուսինները կենսաթոշակառու են։ Տիկին Ալվարդը երկար տարիներ դասավանդել է գյուղի միջնակարգ դպրոցում, ամուսինը կոմբայնավար է եղել, ունի հաշմանդամության 3-րդ կարգ։ Նրանք այսօր ապրում են պետության հատկացրած կենսաթոշակով։ Տիկին Ալվարդը տխրությամբ է հիշում տնակային պայմանների կյանքն ու պատմում․ «32 տարի ապրում ենք անմխիթար պայմաններում։ Ես Ռուստամ Ստեփանյանին դիմեցի, նա բարեհոգի անձնավորություն է։ Մոտեցա նրան, պատմեցի մեր վիճակի մասին, ասացի, որ 32 տարի ապրել ենք տնակային, կացարանային պայմաններում, չունենք հարմարություններ։ Նա ընդառաջեց մեզ ու հովանավորեց։ Մեր գյուղապետը կազմակերպեց աշխատանքը։ Շնորհակալ եմ, որ վերջապես լուծվեց մեր բնակարանի հարցը»,-ասում է տիկին Ալվարդն ու նկարագրում՝ անձրեւին առաստաղից ջուր է կաթում։

Ամուսինները 88-ի երկրաշարժից հետո են տեղավորվել գյուղի տնակում, որը տիկին Ալվարդին հատկացրել է գյուղի դպրոցի աշխատակազմը։

Ռուստամ Ստեփանյանը ծնունդով Ձիթհանքովից է, սակայն ապրում է Երեւանում։ Ամուսինների տնամերձ հողամասում նրա ջանքերով կառուցվում է նոր շինություն, որը սեփականաշնորհվելու եւ հանձնվելու է ամուսիններին։ «Բնակարանն ունենալու է ննջասենյակ, հյուրանոց, խոհանոց, բաղնիք, զուգարան։ Դոմիկը մնալու է, մեզ պետք է»,-ասում է տիկին Ալվարդը։

Աշխատանքները կազմակերպում է համայնքի վարչական ղեկավար Ռուստամ Բալաբեկյանը։ Նա ասում է, որ գյուղում Ալվարդ Խնուսյանն ու Աշոտ Թադեւոսյանից բացի նման վատ պայմաններ ունեցող բնակիչներ չկան։ «Ռուստամ Ստեփանյանի համար Ձիթհանքովը հարազատ գյուղ է։ Նա շատ գործեր է արել գյուղի համար՝ գյուղի եկեղեցին է վերանորոգել, դպրոցի համար բարեգործություն կատարել։ Նա պատարստ է միշտ օգնել հարազատ գյուղին եւ բնակիչներին»,-ավելացնում է Ռ․Բալաբեկյանը։

Ձիթահանքով գյուղն ունի մոտ 1400 բնակիչ։ Ընդգրկված է Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի կազմում։

Ըստ տոհմագրական տվյալների` Ձիթհանքով գյուղը հիմնադրել է 1793-1795 թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի և Կարսի գավառներից գաղթած ընտանիքների կողմից: 1918-ին գյուղում բնակություն է հաստատել 70 գաղթական ընտանիք:

Համայնքի վարչական տարածքը զբաղեցնում է 2577.1 հա., որից 2393.6 հա գյուղատնտեսական նշանակության հողերն են, հանքավայրերի հողերը կազմում են 9.6 հա, արդյունաբերական, արտադրական նշանակության հողերը 18.3հա, պատմամշակութային հողերը` 34.7 հա, իսկ մնացածը` ճանապարհների, կոմունալ ենթակառուցվածքների, ընդհանուր օգտագործման, ջրային և այլ նշանակության հողերն են: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր