211652_close_icon
views-count1423 դիտում article-date 12:20 21-07-2022

Չինաստանը փորձում է ուսումնասիրել Ռուսաստանի «անհաջողությունները». ԿՀՎ-ի տնօրենը «չի բացառել» ներխուժումը Թայվան

Չինաստանը մանրակրկիտ ուսումնասիրում է Ռուսաստանի անհաջողություններն Ուկրաինայում, ինչը կարող է վկայել այն մասին, թե «երբ եւ որտեղ» Պեկինը կարող է ներխուժել Թայվան։ Այս մասին ասել է ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բեռնսը, տեղեկացրել է Fox News-ը։

«Ես կարծում եմ, որ դա վերաբերում է ոչ այնքան այն հարցին, թե կարող է արդյոք Չինաստանի ղեկավարությունը մի քանի տարի հետո որոշել ուժ կիրառել Թայվանի վերահսկողության համար, որքան նրան, թե ինչպես եւ երբ կանի դա»,- ասել է Բեռնսը Ասփենում տեղի ունեցող Անվտանգության համաժողովում։ «Դասը, որը նրանք (չինացիները) կարող են քաղել Ուկրաինայում պուտինյան փորձից, այն է, որ չի կարելի հասնել արագ եւ վճռական հաղթանակների ճնշիչ ուժով»։

«Ես չէի թերագնահատի նախագահ Սի Ծինփինի՝ Թայվանում վերահսկողություն հաստատելու վճռականությունը»,- ասել է Բեռնսը։ «Նա լի է վճռականությամբ՝ ապահովելու իր ԶՈւ-ի հնարավորություններն այդպիսի գործողությունների համար, եթե որոշի շարժվել այդ ուղղությամբ»։

Նրա խոսքով՝ «ռուսական ներխուժումն Ուկրաինա ռազմավարական ձախողում էր» Պուտինի համար։ ԿՀՎ-ի տնօրենի գնահատականներով՝ մոտ 15 000 ռուսաստանցի զինծառայող է սպանվել, եւ «հնարավոր է՝ երեք անգամ ավելի շատ» զինվոր է վիրավորվել։

«Ուկրաինացիները նույնպես տուժել են, գուցե մի փոքր ավելի քիչ, բայց ընդհանուր առմամբ դրանք զգալի կորուստներ են»,- ասել է Բեռնսը՝ ավելացնելով, որ «Ռուսաստանը ծրագրում է շարունակել պայքարն Ուկրաինայում, եւ հավատում է, որ Եվրոպայում ձմռան գալու եւ վառելիքի գների աճին զուգընթաց՝ ՆԱՏՕ-ն կթուլանա»։

Նմանատիպ նյութեր