211652_close_icon
views-count1625 դիտում article-date 10:13 15-07-2022

Բելառուս լրագրողը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման. «Ամերիկայի ձայն»

Չորեքշաբթի օրը Բելառուսի դատարանը լրագրող Եկատերինա Անդրեևային դատապարտել է ութ տարվա ազատազրկման պետական դավաճանության մեղադրանքով: Անդրեևան արդեն պատիժ է կրում բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Այս վերջին դատավճիռը կավելացնի նրա կալանքի տակ գտնվելու ժամկետը, հայտնել է Viasna-96 իրավապաշտպան խումբը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը», հղում անելով Reuters գործակալությանը։

Belsat հեռուստաալիքի լրագրող, 28-ամյա Եկատերինա Անդրեևան ձերբակալվել է 2020 թվականին Մինսկում զանգվածային ցույցերը լուսաբանելիս և դատապարտվել երկու տարվա ազատազրկման՝ անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Անդրեևան իրեն մեղավոր չի ճանաչել։

Գարնանը, երբ նա դեռ գտնվում էր քննչական մեկուսարանում, բելառուս քննիչները նրա դեմ նոր գործ են հարուցել և մեղադրել պետական դավաճանության մեջ։ Գործի մանրամասներն իշխանությունները չեն հայտնել, իսկ դատավարությունն անցել է դռնփակ։

Վճռի կայացումից հետո դատարանին ուղղված հեռախոսազանգերն անպատասխան են մնացել։

Բելառուսի իրադարձությունները լուսաբանող լեհական Belsat հեռուստաընկերությունը հաստատել է Եկատերինա Անդրեևայի դատավճիռը:

Պետական BelTa լրատվական գործակալությունը, վկայակոչելով դատարանի որոշումը, հայտարարել է, որ Անդրեևան մեղավոր է ճանաչվել պետական գաղտնիքներ փոխանցելու մեջ։

«Viasna-96»-ը Անդրեևային քաղբանտարկյալ է ճանաչել նրա նկատմամբ առաջին դատավարությունից հետո։

Իրավապաշտպան կազմակերպության տեղեկությունների համաձայն, Բելառուսում կա մոտ 1300 քաղբանտարկյալ։

Նրանցից շատերը ձերբակալվել են 1994 թվականից իշխանության ղեկին գտնվող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։

Նմանատիպ նյութեր