211652_close_icon
views-count60514 դիտում article-date 21:57 04-06-2022

Արագածոտնի մարզի Արագած գյուղում վերջին զանգի միջոցառմանը ուրախության և տխրության արցունքների պակաս չկար. շրջանավարտները խոստացան բարձր պահել գյուղի լեգենդար նահատակների հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 4-ին, Արագածոտնի մարզի Արագած գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ վերջին զանգի միջոցառումը:
 
Գաղտնիք չէ, որ Արագած գյուղն իր հերոսներն է տվել նաև Արցախյան առաջին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմներին: Գյուղում արդեն սրբավայր է դարձել «Հայրենյաց նահատակներ» հուշակոթող-խաչքարը:
 
Այսօր՝ միջոցառումից առաջ, Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի 16 սաները՝ իրենց դասղեկի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս համագյուղացիների հիշատակին տեղադրված հուշակոթող-խաչքարին, ծաղիկներ խոնարհեցին Հադրութի հրամանատար Հայկ Կիրակոսյանի, զինվորներ Սևակ Ալեքսանյանի, Հովհաննես Բեյբությանի, Տիգրան Գալստյանի, Համբարձում Կիրակոսյանի անվամբ տեղադրված հուշակոթողին:
 
Մշակույթի տան դահլիճում տոնական միջոցառումից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը, ապա դպրոցի սաները իրենց երգով ու ասմունքով ներկայացան հանդիսատեսին:
 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում շրջանավարտներից մի քանիսն ասում էին. «Այսօր մեզ համար և ուրախության, և տխրության օր է: Բայց այդ ամենի մեջ կա հպարտություն: Ուրախ ենք, որ ավարտում ենք մեր սիրելի դպրոցը, որտեղ 12 տարի ուսում ենք առել, 12 տարվա լավ ու վատ հիշողություններ ենք ունեցել, բայց տխուր ենք, որ մեր վերջին զանգին ներկա չեն մեր գյուղի բազմաթիվ լեգենդներ, ովքեր նահատակվեցին Արցախյան 44-օրյա պատերազմում ու հիմա վստահ ենք, որ իրենք երկնքից նայում ու հպարտանում են մեզանով: Եվ մենք պարտավոր ենք առաջին հերթին վառ պահել նրանց հիշատակը, որը մեզ սերմանել են մեր հարազատ դպրոցում՝ դասղեկից մինչև տնօրեն:
 
Ցավ ենք ապրում նաև, որ մեր հետ չէ մեր գյուղի լեգենդներից Աղվան Կարապետյանը, ով ամեն տարի՝սեպտեմբերի 1-ին, ավանդույթի համաձայն, 1-ին դասարան գնացող երեխաներին նվիրում էր պայուսակներ, որոնց մեջ լինում էին գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ: Կուզեինք, որ մեր սիրելի բարեգործ Ա. Կարապետյանը մյուս լեգենդար հերոսների նման այսօր այստեղ լիներ»:
 
Շրջանավարտներին շնորհավորեց նաև դպրոցի տնօրեն Արման Կարապետյանը:
 
Միջոցառումից հետո երկար ժամանակ բեմի վրա չէին դադարում ուրախության արցունքները. ներկաները շնորհավորում էին երեխաներին՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 962+
962+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր