Օրերս տեղի ունեցած համապետական շաբաթօրյակի ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու վարչական շրջանների ղեկավարները համացանցը ողողեցին լուսանկարներով ու տեսանյութերով, թե ինչպիսի տիտանական աշխատանքներ են կատարել շաբաթօրյակի ընթացքում:
Այսօր՝ մայիսի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ է արել և տեսանյութ պատրաստել, որտեղ երևում է, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մառի փողոցին հարակից բազմաբնակարանային շենքերի տարածքում ձևավորվել է մինի-աղբավայր, որը կարող է ձեռնոց նետել հանրահայտ Նուբարաշենի աղբավայրին:
Ողջ տարածքը լցված է շինարարական և կենցաղային աղբով, ու տիրում է գարշահոտություն:
Ցավալին այն է, որ այդ ամբողջ տարածքով ոչ միայն մեծահասակները, այլև երեխաներն են անցնում, երբեմն էլ՝ երեխաները հենց այդ կեղտի մեջ են խաղում:
Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը, եթե չպետք է շաբաթօրյակն օգտագործի՝ մի քանի տոննա կուտակված աղբը հեռացնելու համար, ապա կարող է նշված հատվածում տեղադրել ցուցանակ ու վրան գրել. «Այստեղ գործում է նոր բացված աղբավայր»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի