Լեգենդար Վլադիմիր Ենգիբարյանը կդառնար 90 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 24-ին 90 տարեկան կդառնար բռնցքամարտից օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը: Ճանաչողները գիտեն, որ հարգելով հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ռինգի մեծագույն ասպետը իր տարեդարձը մշտապես նշում էր ապրիլի 26 –ին: Նրա հիշատակը վառ պահելով, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես՝ չի խախտում ավանդույթը:
Անթիվ – անհամար են սպորտի մեծ վարպետի անվան հետ կապված հուշերն ու հիշողությունները: Դրանք յուրովի մեծարանքի փաստեր են և անմահ են դարձնում նրան:
Ենգիբարյանի նվաճումները և կատարողական արվեստը վկայում են , որ նա բռնցքամարտում շատ էր նոր ՝ հասկացվելու համար: Եվ սակայն հաղթեց նրա առաջադեմ մարտաոճը, որի արդյունքում անզուգական վարպետը վերջնականապես նվաճել է մարզաշխարհը, վկա՝ չեմպիոնական տիտղոսները. ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի եռակի չեմպիոն և 1956թ. Մելբուռնի օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ , միջազգային բարձրագույն կարգի մրցավար, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ . . .
Երևանցին չափազանց նրբանակատ էր, անհրաժեշտ պահին ճիշտ որոշումներ էր կայացնում և հմտորեն էր վարում ինչպես մենամարտերը, այնպես էլ՝ մրցավարական աշխատանքը:
Վլադիմիր Ենգիբարյանը 1994 –ին բնակության մեկնեց ԱՄՆ ՝ Լոս Անջելես: Չէր համակերպվում օտարությանը: Շուտ – շուտ էր ուզում լինել Երևանում , բայց միջոցներ չկային: Վերջին անգամ ռինգի կախարդը ԱՄՆ –ից ծննդավայր եկավ 2012թ. ապրիլին ՝ ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ:
Փառահեղ տոնի վերածվեց վարպետի ծննդյան հոբելյանական ՝ 80 –ամյա տարեդարձը ՝ << Մոսկվա >> կինոթատրոնի դահլիճում: Հնչեցին շնորհավորական բազմաթիվ խոսքեր, հեռագրեր, արվեստի և մշակույթի մարդկանց կատարումներ . . .
Հիշեցին նաև նրա անձնական մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Էդվարդ Արիստակեսյանին, որի ուղեկցությամբ անզուգական սանը ՝ Ենգիբարյանը իր օգտին բազում տպավորիչ հաղթանակներ է տոնել միջազգային պաշտոնական մրցաշարերում:
Այդ ամենը հուզել էին հոբելյարին: Ապա բուռն ծափերի ուղեկցությամբ ՀԱՕԿ-ի նախագահը բեմ բարձրացավ : Նրա խոսքը առավել հուզիչ էր, քանզի Ենգիբարյանի դպրոցով անցած սաներից մեկն է ինքը և իր հիշողությունում երբեք չեն ջնջվի մարզումային երանելի տարիները :
Ենգիբարյանի երբեմնի աշակերտը` առնական ու բարի Գ. Ծառուկյանը խոստացավ կազմակերպել նաև սիրելի ուսուցչի հաջորդ բոլոր հոբելյանները և , իհարկե , նաև 100 –ամյակը : Մաղթանքներին հաջորդեց առատաձեռն Ծառուկյանի նվերը:
Ասենք, որ վարպետն արդեն վատառողջ էր և կեցվածքը, ինչպես ասում են , օլիմպիական չէր: Բայց կարոտից ծարաված լեփլեցուն դահլիճը լեգենդար վարպետի բեմելը դիմավորեց բուռն, երկարատև ծափերով: Սա նաև երախտապարտ մարզասերի գնահատականն էր ռինգի գրոսմայստերին, որը, ավաղ, հնչեց իբրև հրաժեշտի ծափահարություն, քանզի 2013 –ի հունվարին նա ԱՄՆ -ում հրաժեշտ տվեց կյանքին: Փետրվարին դին տեղափոխվեց հայրենիք և նա իր հանգրվանը գտավ Երևանի քաղաքային պանթեոնում: