211652_close_icon
views-count1299 դիտում article-date 21:18 24-04-2022

Պատմության մութ պահերը մոռանալ, նշանակում է՝ թույլ տալ, որ կրկնվեն. իտալացի սենատորների և պատգամավորների հայտարարությունը Ցեղասպանության տարելիցին

Ապրիլի 24-ին Իտալիայի Միջխորհրդարանական միության Իտալիա-Հայաստան բարեկամության խումբը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տարածել է հայտարարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Արդեն 107 տարի է անցել հայ ժողովրդի ցեղասպանությունից, ողբերգություն, որը մենք չենք կարող և չպետք է բացարձակապես մոռանանք: Պատմության մութ պահերը մոռանալ, նշանակում է՝ թույլ տալ, որ դրանք կրկնվեն։ Հիշողությունն է մարդկության դեմ բարբարոսության և վայրագության հակաթույնը, ուստի և՝ հիշելը պարտականություն է: Ըստ այդմ՝ որպես Իտալիայի Հանրապետության խորհրդարանականներ, ուրախ ենք, որ Պատգամավորների պալատը 2019թ. միաձայն ընդունել է բանաձև, որը ճանաչում է հայ ժողովրդի ցեղասպանությունը. այսօր մենք կանգնած ենք բոլոր հայերի, մասնավորապես, Իտալիայի հայկական ընկերությունների ու համայնքի կողքին՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի»:

Հայտարարության տակ ստորագրել են սենատորներ Պաոլա Բինետտին, Ստեֆանո Բորգեզին, Ռոբերտո Կալդերոլին, Իզաբելլա Ռաուտին, Պատգամավորներ՝ Ումբերտո Բուռատտին, Լաուրա Կավանդոլին, Յարի Կոլլան, Ուգո Կապելլաչչին, Ջուլիո Չենտեմերոն, Վիտո Կոմենչինին, Ռոբերտո Ֆեռռարին, Պաոլո Ֆորմենտինին, Եվա Լորենցոնին, Ալվիզե Մանիերոն, Ելենա Մուրելլին, Տուլլիո Պատասսինին, Կատիա Պոլիդորին, Ալբերտո Ռիբոլլան:

Նմանատիպ նյութեր