211652_close_icon
views-count1700 դիտում article-date 10:43 16-04-2022

Ո՞վ է «միջազգային հանրությունը»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը պնդում էր, որ ապրիլի 13-ի իր հայտնի ելույթում վարչապետ Փաշինյանը չի խոսել Արցախի կարգավիճակի մասին: Իհարկե, ընկալման խնդիր է:

Կարծում եմ, որ հենց կարգավիճակի մասին է վարչապետի հետեւյալ ձեւակերպումը. «Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ձեր սահմանած նշաձողը Արցախի հարցում, եւ դուք կունենաք ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա»: Հասարակ տրամաբանությունը թույլ է տալիս գալ եզրակացության, որ «մեր նշաձողը» Արցախի անկախությունն է, իսկ «միջազգային հանրություն» անհասկանալի կառույցը մեզ ասում է, որ մենք պետք է այդ նշաձողն իջեցնենք, այսինքն՝ Արցախի անկախությունից հրաժարվենք եւ համաձայնենք, որ այն ինչ-որ մի կարգավիճակում լինի Ադրբեջանի կազմում:

Ի տարբերություն խորհրդարանական ընդդիմության եւ նրա կողմնակիցների՝ ես կարծում եմ, որ բանակցություններում Արցախի անկախությունը՝ որպես նախապայման հռչակելն իրատեսական չէ: Ինձ թվում է, որ հիմա նպատակ պետք է դրվի կնքել Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր», որտեղ կլինի մոտավորապես այսպիսի ձեւակերպում. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կդառնա հետագա բանակցությունների առարկա»:

Սակայն ես կասկածում եմ, որ ընդհանրապես մոտ ժամանակներս հնարավոր լինի նման համաձայնագիր ստորագրել: Եվ խոչընդոտն այն է, որ «միջազգային հանրություն» ընդհանրապես գոյություն չունի, մանավանդ՝ հիմա: Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը «միջազգային հանրությո՞ւն» են: Ըստ երեւույթին, այս համատեքստում՝ ոչ: Խոսելով այդ «հանրության» մասին՝ Փաշինյանը նկատի ունի Միացյալ Նահանգները եւ ԵՄ-ն: Հետեւաբար, եթե ավելի կոնկրետացնենք վարչապետի խոսքերը, ապա նա հայտնում է, որ Էնթոնի Բլինքենն ու Շարլ Միշելն են մեզ հորդորում «իջեցնել նշաձողը», եւ այդ հարցում նրանց դիրքորոշումը «կոնսոլիդացված է»: Բայց երբ ինչ-որ մեկը ինչ-որ բան է «հորդորում», պետք է պատասխանել երկու հարցի.

1/ որքանո՞վ է նա անկեղծ իր «հորդորներում»,

2/ ինչպիսի՞ լծակներ ունի նա՝ իր «հորդորներին» տեր կանգնելու:

Առաջին հարցին պատասխանելու համար բավականաչափ տեղեկություններ չունեմ, իսկ երկրորդի մասին հաստատ կարող եմ ասել, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չունեն ո՛չ բավականաչափ շահագրգռվածություն, ոչ էլ՝ միջոցներ՝ որեւէ ընթացք երաշխավորելու համար:

Այդ միջոցներն ունի միայն Ռուսաստանը, որը, սակայն Արեւմուտքի հետ ամենեւին էլ «կոնսոլիդացված» չէ: Ճիշտ հակառակը՝ «կռված է»: Ռուսաստանի պաշտոնատար անձինք ասում են, որ նույնպես շահագրգռված են խաղաղ պայմանագրի մեջ: Բայց այդ երկրում կա մի «դաս», որի ներկայացուցիչները ներկայանում են որպես «քաղաքագետ», բայց իրականում Կրեմլի «քրմերն են», նրանց պարտականությունն է՝ փորձել տեղեկություն ստանալ, թե ինչ է այս կամ այն խնդրի մասին մտածում Պուտինը կամ, ծայրահեղ դեպքում, կռահել «ցարի» մտքերը ու հետո շարադրել իրենց իմացածը: Եվ հիմա այդ մարդիկ իրենց խորը դժգոհությունն են հայտնում Փաշինյանի եւ արեւմտյան լիդերների Արցախի հարցով շփումներից:

Այնպես որ՝ շատ հավանական է, որ այդ գործընթացը հանգեցնի ոչ թե «խաղաղության պայմանագրի», այլ՝ ճիշտ հակառակը»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր