211652_close_icon
views-count2161 դիտում article-date 20:25 23-03-2022

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան անդրադարձել է հայ մարզիկների փայլուն ելույթներին

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայաստանի ներկայացուցիչների բարձրակարգ ելույթներին: Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի / Կահիրե / ավարտից հետո,  հատկապես առանձնացրել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին և Վահագն Դավթյանին:

Հենացատկերում 29 –ամյա  Արթուրի  կատարած  յուրաքանչյուր ցատկը մասնագետները մանրամասնել , վերլուծել են: Նրա թափավազքի արագությունը, օդում ճախրելու հմայքը, ճշգրիտ առգետնումը, անթերի  վարպետությունը`  հիրավի չեմպիոնական են:

Վահագն Դավթյանը, անտարակույս, օղակների արքա Ալբերտ Ազարյանի արժանի հետնորդներից մեկն է:

Օղակները Դավթյանի, ինչպես ասում են, ֆիրմային գործիքն է: Ինչպես Ազարյանը, Վահագնը նույնպես, բարձրահասակ է, սլացիկ, և ֆիզիկապես ուժեղ: Ավելացնենք նաև նրա կատարյալ տեխնիկան և վարժությունը ներկայացնելու բարձր  կուլտուրան:  

Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթի խաղարկության երեք փուլերի արդյունքով,  մեդալների   ոչ պաշտոնական հաշվարկով, առաջին տեղում է. հինգ ոսկե,  երեք արծաթե և մեկ բրոնզե պարգև: Հաջորդ երկու հորիզոնականում  են  Ուկրաինայի / 3+5 +1 / և Իսրայելի / 3+ 0 + 3 / մարմնամարզիկները:

Նմանատիպ նյութեր