Մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը հետևում էր ապագա մարմնամարզության լեգենդների ելույթներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 22-ին, մայրաքաղաքի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում «ասեղ գցելու տեղ չկար»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի ունեցավ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սիմոն Ղարագյոզյանի հիշատակին նվիրված մրցաշար, որին մասնակցեցին դպրոցի տարիքային տարբեր խմբերի սաներ:
Մրցաշարին հետևում էր անձամբ մարմնամարզության լեգենդ Արլբերտ Ազարյանը, իսկ սաների մրցումներին ուշիուշով հետևում էին նրանց ծնողները, հարազատները, մտերիմ ընկերները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կարելի է վստահաբար ասել, որ ազարյանական մարզաձևն ամուր հիմքերի վրա է դրված և երիտասարդ սերունդը ապագայում իր գեղեցիկ ու հմայիչ մարմնամարզությամբ կապացուցի աշխարհին, որ ազարյանական խաչը եղել է, կա ու կլինի, ինչպես հայոց աշխարհը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ լավ կլիներ, որ այս հրաշք միջոցառմանը ներկա լինեին կառավարության և օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, պետական որոշ չինովնիկներ, ովքեր, եթե տեսնեին երեխաների այս ճկուն ու վարպետորեն ցուցադրվող շարժումները, իրենք էլ սկսեին զբաղվել այդ մարզաձևով և գուցե ճկուն դարձնեին իրենց միտքը:
Մրցաշարի բոլոր մասնակից երեխաներն աչքի ընկան բարձր պատրաստվածությամբ և կամային բարձր հատկանիշներով:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ հրաշք մրցաշարից: