211652_close_icon
views-count1157 դիտում article-date 10:47 23-03-2022

Պե՞տք է արդյոք դիրքորոշում հայտնել․ բավարար է ասել՝ «ես դեմ եմ պատերազմին»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ռուսաստանում կան արվեստագետներ, մարզիկներ եւ այլ հանրային դեմքեր, որոնք դեմ են արտահայտվում իրենց երկրի իշխանության կողմից ծավալած պատերազմին։ Պաշտոնական քարոզչությունը նրանց, այսպես ասած, «գամում է անարգանքի սյանը»՝ ոչ հայրենասեր լինելու համար, իսկ պետական մարմինները արգելում են նրանց գործունեությունը։ Օրինակ, նման պատժամիջոցների տակ ընկավ իմ սիրած երաժիշտներից մեկը՝ Բորիս Գրեբենշչիկովը։ Կան հայտնի մարդիկ, օրինակ, երգիչ Նիկոլայ Բասկովը, որոնք արդարացնում են պատերազմը: Չգիտեմ, թե որքանով են Բասկովի նման երգիչները պահանջված Արեւմուտքում. եթե պահանջված է, ապա նրա ելույթներն այնտեղ կարգելվեն։

Այդպես է, մասնավորապես, վարվել Շախմատի միջազգային ֆեդերացիան ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կորյակինի հետ, որակազրկելով նրան 6 ամսով այն պատճառով, որ նա պաշտպանում է Պուտինի քաղաքականությունը։ Որոշակի հեգնանք կա այն հանգամանքի մեջ, որ այդ ֆեդերացիան ղեկավարող Արկադի Դվորկովիչը որոշ ժամանակ առաջ պաշտոն էր զբաղեցնում Պուտինի վարչակազմում:

Բայց կան «աստղեր», որոնք որեւէ դիրքորոշում չեն հայտնել եւ, այնուամենայնիվ, ենթարկվում են «մշակութային պատժամիջոցների», ինչը, կարծում եմ, իրավաչափ չէ: Դասական օրինակ է Վալերի Գերգիեւը, որի համերգները Եվրոպայի մի շարք քաղաքներում, Նյու-Յորքում եւ այլուր չեղարկվել են: Նա չէր արդարացրել այս պատերազմը, բայց նաեւ՝ հրաժարվել էր խոսել ընդդեմ պատերազմի եւ մեղադրել Պուտինին, որի հետ մինչ այդ որոշակի կապեր ունեցել է:

Բայց եկեք խնդրին նայենք մեկ այլ կողմից: Եթե դու, արվեստագետ լինելով, քաղաքականության մեջ բռնում ես այս կամ այն կողմը, ապա պետք է պատրաստ լինես, որ հակառակ կողմը քեզնից դժգոհ կմնա, եւ այդ դեպքում դու չես կարող ասել՝ «արվեստը քաղաքականության հետ մի խառնեք», որովհետեւ առաջին խառնողը դու էիր: Իսկ եթե դու որեւէ կողմ չե՞ս բռնում: Կարելի՞ է արդյոք որեւէ կողմ չբռնել: Պե՞տք է արդյոք արվեստագետից պահանջել, որ նա պարտադիր «կողմնորոշվի»:

Այդ հարցերը, բնականաբար, միանշանակ պատասխան չունեն: Իմ կարծիքով, ամեն ինչ կախված է «համատեքստից»: Եթե խոսքը, ասենք, ՀՀԿ-ի եւ ՔՊ-ի վեճի մասին է, ապա, ինձ թվում է, միանգամայն ընդունելի է արվեստագետի, մտավորականի չեզոք դիրքորոշումը կամ անտարբեր վերաբերմունքը. քաղաքական վեճ է, պայքար է իշխանության համար՝ թող զբաղվեն: Բայց եթե խոսքը հազարավոր մարդկանց կյանքերի մասին է եւ մարդկանց սպանելու վերաբերյալ քարոզչության ցինիկ ստերի մասին, ապա այստեղ կողմնորոշվելը խիստ ցանկալի է: «Կողմնորոշվել»՝ տվյալ դեպքում ամենեւին չի նշանակում պնդել, որ մի կողմում հրեշտակներ են, իսկ մյուս կողմում հրեշներ: Բավարար է ասել՝ «ես դեմ եմ պատերազմին»: Այս պարզ նախադասության համար Ռուսաստանում մարդկանց հետապնդում են, որովհետեւ «պատերազմ» բառն այնտեղ արգելված է: Պատճառը հայտնի է՝ բոլոր նորմալ մարդիկ պատերազմն ատում են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր