211652_close_icon
views-count1776 դիտում article-date 18:54 17-03-2022

Ռասամանջարի. հայ-հնդկական գալա համերգ՝ Երևանում

Դարավոր պատմություն ունեցող հայկական և հնդկական տարբեր ու յուրահատուկ մշակույթները կրկին միավորվելու են մեկ երեկոյի ընթացքում. մարտի 31-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Ռասամանջարի»-ն, որը թարգմանաբար նշանակում է ծաղկունք:  Գարնան սիմվոլն իր մեջ կրող հայ-հնդկական գալա համերգը իրականություն կդառնա Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի և Հայաստանում Հնդկական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:
 
Երեկոյի հատուկ հյուրը արմատներով հայ, տաղանդավոր երաժիշտ Պիտեր Դավիդյանն է, ով հեռավոր Հնդկաստանից է՝ Կալկաթայից, բայց այսօր բնակվում է Ավստրալիայում։ Պիտերի ընտանիքն Իրանից տեղափոխվելով Հնդկաստան՝ նրան հնարավորություն է ընձեռել ծանոթանալ սիտար երաժշտական գործիքին, որին հիմա նա հիանալի տիրապետում է: Երեկոյի ընթացքում սիտարի քաղցրաձայն ելևէջների միջոցով երաժիշտը կներկայացնի ինչպես հնդկական, այնպես էլ հայկական երաժշտություն: Պիտեր Դավիդյանին հանդիսատեսը հիշում է երկու տարի առաջ «Նարեկացի» արվեստի միությունում ունեցած համերգով, որից հետո բազմաթիվ դրական կարծիքներ էին հնչել:
 
Երկու ժամ տևողությամբ «Ռասամանջարի» գալա համերգի ընթացքում կներկայացվեն Հնդկաստանի և Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը:  Պիտեր Դավիդյանի հետ համատեղ երաժշտական կատարումներով կներկայանան նաև բլուլահար Ավագ Մարգարյանը:

Ծրագրում նաև կներկայացվեն հայկական ու հնդկական երգեր, հանդես կգան հնդկական մշակութային կենտրոնի «Շակտի» պարի և երգի խումբը, «ԱԿՆԵՐ» և «Ծիրանի ծառ» հայ  ազգային երգի ու պարի համույթները:

Մշակութային երեկոն նվիրված է Հնդկաստանի անկախության 75-րդ ամյակին 
(#AzadiKaAmritMahotsav),  Հնդկաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և «Հայ-հնդկական բարեկամություն»  ՀԿ-ի հիմնադրման 10-ամյակին ( #IAFInAction_10YearsTogether).
 
«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի նպատակն է տարբեր հարթակներում ներկայացնել հայ-հնդկական հարաբերությունները՝ հանդիսանալով կամուրջ երկու երկրների միջև, ինչպես նաև ամրապնդել երկու երկրների մշակութային, տնտեսական, առևտրային կապերը և շեշտադրել երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները։
 

Նմանատիպ նյութեր