211652_close_icon
views-count14235 դիտում article-date 19:20 15-03-2022

Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդուն առաջադրված մեղադրանքը փոփոխվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ համայնքի նախկին ղեկավարի որդուն ավելի վաղ առաջադրված մեղադրանքը փոփոխելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու և ՀՀ ոստիկանության գույքը դիտավորությամբ վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակը դատարանի կողմից երկարացվել է:

Հավելենք, որ քրեական գործով հնարավոր քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու նպատակով համայնքի նախկին ղեկավարի որդուն պատկանող գույքի վրա կալանք դնելու հարցը լուծելու համար ստուգվել է նրա անվամբ հաշվառված անշարժ և շարժական գույքի առկայությունը, ինչի արդյունքում պարզվել է, որ գործով 33-ամյա մեղադրյալի անվամբ, Երևան քաղաքում, Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում, սեփականության իրավունքով հաշվառված է 36 անշարժ գույք, ինչպես նաև` 2 տրանսպորտային միջոց. հիշյալ տեղեկատվությունը փոխանցվել է Արարատի մարզի դատախազություն:

ՀՀ քննչական կոմիտե

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 15-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի 58 PP 999 համարանիշի ավտոմեքենան Ուրցաձոր գյուղի Տիգրան Մեծի փողոցում՝ Ուրցաձորի գյուղապետարանի և դպրոցի մոտ, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota Corolla մակնիշի 040 II 04 համարանիշի ավտոմեքենային։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկային։ 

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ 

Դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանի, Վեդու քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և Վեդու քննչական բաժնի պետի տեղակալ Լևոն Անտանոսյանի գլխավորությամբ։ ​Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր