211652_close_icon
views-count71272 դիտում article-date 22:32 14-03-2022

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. Աշտարակի կամուրջը դարձել է սահադաշտ. բախվել են մի քանի ավտոմեքենաներ. կան վիրավորներ, այդ թվում՝ ՃՈ հետաքննիչը. տարածքի ճանշինը «ջայլամի քաղաքականություն» է վարում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում:

Տեղացած առատ ձյան հետևանքով և ճանապարհների չմշակման պատճառով  Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի մեծ կամրջի վրա մի քանի ավտոմեքենաներ են բախվել:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարների հետևանքով  մի քանի հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, որոնցից մի քանիսին հիվանդանոց են ուղեկցել  ճանապարհային  ոստիկանները:

Տեղում աշխատել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն  ու Անուշավան Աղաջանյանը ու մինչ վթարի վայրի տեղազննություն էին կատարում, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական շղթայական ավտովթարն  է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ վթարված ավտոմեքենաներից մեկը հարվածել է ճանապարհային ոստիկանության ծառայողական Corolla-ին, ապա վրաերթի ենթարկել ավագ հետաքննիչ  Ա. Աղաջանյանին: Վերջինս տեղափոխվել  է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Նշված վթարների փաստով մարզի դատախազի կարգադրությամբ դեպքի վայր պետք է ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում էին. «էս ի՞նչ ա կատարվում՝ շունը տիրոջը չի ճանաչում: Բա էս տեսակ անհարգալից վերաբերմունք ու անպատասխանատու մոտեցում կցուցաբերե՞ն աշխատանքի նկատմամբ:

Էս ճանապարհը սպասարկող ճանշինի պատասխանատուներին պետք է  անհարգանքի սյունին գամել:  10-ից ավելի ավտոմեքենաներ էլ սառած ճամփի պատճառով  վթարի ենթարկվեցին, բայց վարորդներով իրար հետ լեզու գտան,  էլ չսպասեցին ԱՊՊ-ին, հեռացան, իրենց ավտոները տարան:

Բա հիմա ո՞նց չասես՝ այ  «անուղեղներ»,  դուք, որ հայրենիք սիրեիք, մարդու արժեքն իմանայիք, ժամեր առաջ ճանապարհը կմշակեիք էս անտեր մերկասառույցից ու էսքան վթար տեղի չէր ունենա:

Պետությունը իր սուղ միջոցներից ձեզ գումար է  հատկացնում, բայց պարզվում է, որ այն նպատակին չի ծառայում: Եթե Եվրոպայում  նման բան անեին, ճանապարհն սպասարկող պատասխանատուներին կմերկացնեին ու նույնիսկ Լինչի դատաստանի կենթարկեին: Բա հիմա ոնց չասես՝ մարդ եղեք, թեպետ էս տեսարանը տեսնելուց համոզվում ենք, որ դուք մատնված եք անգործության:

Մեզ՝ վարորդներիս, մենակ «գաի»  տղերքն ու փրկարարները հասան օգնության, էն էլ էն «գաի»  երիտասարդ հետաքննիչին վրաերթի ենթարկեցին: Բա դրա համար դուք գոնե խղճի խայթ կզգա՞ք: Ուզում  ենք՝ էս կադրերը կառավարությունը տեսնի ու ձեզ մի լավ դաս տա, ընդհուպ՝ ձեզ զրկեն այս աշխատանքները կատարելուց և այդ ժամանակ կգան ավելի սրտացավ, ավելի հոգատար մարդիկ ու պատշաճ կկատարեն իրենց աշխատանքը»:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  վթարներից մոտ 1 ժամ անց, նոր ժամանել են ճանապարհը սպասարկող ճանշինականները:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր