Էսօր ամբողջ աշխարհը հարձակվել է Ռուսաստանի վրա, մենք պետք է սատարենք ՌԴ-ին. Արագած Ախոյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեւանում Ռուսաստանի դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ հաջակցություն Ռուսաստանի ակցիա են կազմակերպել, հայտնում է News.am-ը։
Ակցիայի մասնակիցներից ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք պարտավոր են այսօր սատար կանգնել ՌԴ-ին. «Երկրորդ աշխարհամարտի ժամանակ վճռվում էր Ստալինգրադի ճակատամարտի ելքը, որը պետք է վճռեր աշխարհի նոր կառուցվածքը: Այսինքն եթե Գերմանիան հաղթում էր, միանգամից 24 թուրքական դիվիզիա, որ տեղավորվել էին սահմանից այն կողմ եւ սպասում էին Ստալինգրադի ճակատամարտի ելքին, պատրաստ էին հարձակվելու եւ հարավային ճակատը բացելու: Տեսանք, թե ինչքան հայ հերոսներ վերջին կաթիլ արյունը կռվեցին ռուս եղբայրների հետ:
Ես զուգահեռ եմ տանում Ստալինգրադի ճակատամարտի եւ նրա միջեւ, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում: Դա պատերազմ չէ, դա ազատագրում է ուկրաինական ժողովրդին նեոֆաշիզմից եւ այն ուժերից, որոնք ջանասիրաբար այս տարիների ընթացքում քանդել են հետխորհրդային երկրները եւ փորձել են իրենց օրակարգը թելադրել այս ժողովուրդներին»,-ասաց նա:
«Ես այստեղ գտնվելով սատարում են Ռուսաստանի բոլոր գործողությունները եւ համարում եմ, որ ուղղակի ռուս ազգը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ոչ թե հարձակվել է Ուկրաինայի վրա, այլ ազատագրում է ուկրաինացի ժողովրդին նման ֆաշիստական ղեկավարներից:
Երբ մեր Ղարաբաղի սահմանները պաշտպանում են ռուս խաղաղապահ ուժերը, տեսնելով, թե մեր իշխանությունները ոնց են ձեռքները լվացել եւ մի կողմ քաշվել Ղարաբաղի խնդրից, համարելով, որ դե հենա, ռուսներն այնտեղ են ամեն ինչ կանեն, ուրեմն մենք միայն այդ ժամանակ չպետք է հիշենք Ռուսաստանին: Մեր բոլոր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ են եւ ես եկել եմ ասեմ, որ չընկճվեք: Ռուս ժողովուրդը կդիմանա այս բոլոր սանկցիաներին, սա լինել-չլինելու խնդիր է: Սա առիթ կհանդիսանա, որ հետխորհրդային երկրներում զարգանա տնտեսությունը: Ռուսաստանի պես ռեսուրս ունեցող պետությունը հնարավոր չէ, որ ոտքի չկանգնի: Չպետք է թույլ տանք, որ արեւմտամետ թափթփուկներն իրենց տրամադրությամբ ազդեն մեր ժողովրդի վրա»,-ընդգծեց Արագած Ախոյանը:
Դիտարկմանը, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը բազմիցս խախտել է հրադադարը, օկուպացրել է Հայաստանի տարածքը, իսկ Ռուսաստանը որեւէ կերպ դրան չի արձագանքելն, նա ասաց. «Նախ մենք պետք է փորձենք մեր անվտանգությունն ապահովել, հետո նոր խոսենք Ռուսաստանի անելիքներից կամ չանելիքներից: Մեր մոտ ամեն ինչ լավ էր, իրենք էլ եկան շատ խնդրեցին, որ գնան Ղարաբաղում մեր անվտանգությունն ապահովե՞ն: Մենք մեր առջեւ կանգնած մարտահրավերներին ինքնուրույն դիմակայել ի վիճակի չենք, իսկ ամենահստահելի, ամենալուրջ ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է:
Էսօր ամբողջ աշխարհը հարձակվել է Ռուսաստանի վրա, մենք պետք է սատարենք: Ռուսաստանն այսօր պատերազմում է ամբողջ աշխարհի դեմ: Սա տնտեսական պատերազմ է, քայքայելու պատերազմ է: Երբեք Ռուսաստանի հնարավոր չի եղել հաղթել»,-ընդգծեց նա: