211652_close_icon
views-count25705 դիտում article-date 19:16 19-02-2022

Արարատի մարզի Մասիս կայարանի մեծ թվով բնակիչներ տևական ժամանակ է, շնչում են գարշահոտություն, իսկ կոյուղաջրերը ողողում են տները, խաղահրապարակներն ու ավտոտնակները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Մասիս քաղաքի Մասիս Կայարանի թիվ 17 շենքի տարածքում ամիսներ շարունակ տիրում հակասանիտարական ու խայտառակ իրավիճակ: Բակը, այդ թվում՝ երեխաների համար նախատեսված խաղահրապարակը, մի քանի շենքերի նկուղներն ու ավտոտնակները լցված են կեղտաջրերով: Ամենուրեք գարշահոտ է:
 
Շենքերի հիմքերը թուլանում են, իսկ բնակարաններում բորբոս ու խոնավություն է, պատերի ներկը թափվում է, ճաքերն էլ ավելանում են:
 
Երեկ՝ փետրվարի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մեռանք «Վեոլիա Ջրին» ահազանգելով: Իսկ այնտեղ կարծես բերանները ջուր են առել ու ասում են՝ կգանք, կմաքրենք, բայց լրիվ դառել են Նոյի ագռավ: Չգիտենք, ով է լինելու մեր աղավնին, որ մի լավ լուր բերի: Ահազանգել ենք նաև մարզպետարան, սակայն այնտեղից էլ ոչ մի խեր, խաբար: Սայլը տեղից չի շարժվում: Էստեղ են ասում, սելի փոխարեն սելվորն է ճռռում: Երեխաները էս կեղտաջրերի միջով են գնում դպրոց, խաղալու մասին խոսք չկա, խաղալ չեն կարողանում: Խաղահրապարակը վերածվել է կեղտոտ լճի»:
 
Խնդիրը նոր չէ, երկար տարիների պատմություն ունի: Մի քանի ամիս է, ինչ բնակիչները ասես հայտնված լինեն փակուղում: Ըստ բնակիչների, պետք է մաքրվեն բոլոր կոյուղատար խողովակները, որպեսզի կեղտաջրերն առանց խոչընդոտի հոսեն ու թափվեն հատուկ վայրում, որը գործում էր դեռ խորհրդային տարիներին:
 
Ջրային կոմիտե, «Վեոլիա Ջուր», Մասիսի քաղաքապետարան. ուր ասես, այս երկու օրը բնակիչներն չեն ահազանգել, բայց միայն արձագանքներ են ստացել Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանից:
 
Բնակիչները վախենում են անգամ պատկերացրել թե ինչ կլինի, երբ օրերը տաքանան. պատուհան բացել չեն կարող, որովհետև գարշահոտը ու կեղտաջրերի պատճառով վխտող մոծակները մի իսկական գրոհ կձեռնարկեն իրենց վրա:
 
«Մենք նաև խմելու ջրի որակի խնդիր ունենք: Էդ ջուրը եթե խոզի դեմը լցնես, չի խմի: Իսկ «Վեոլիա Ջրին» թողնես, ամպագոռգոռ հայտարարություններ են անում, որ որակյալ ջուր են մատակարարում: Նրանց դրած ջրաչափերն անգամ չեն կարողանում ժամանած տեսուչները ստուգել, քանի որ դրանք դիտահորերի մեջ են, իսկ դիտահորերն էլ լցված են կեղտաջրերով:
 
Հետաքրքիր է, էդ որ մենք կանոնավոր վճարումները կատարում ենք, բա ինչի՞ որակյալ սպասարկում չենք ստանում», ասում էին բնակիչները:
 
Այսօր Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դ. Համբարձումյանի հանձարարականով հերթական անգամ բնակիչների հետ հանդիպման էին ժամանել «Դ. Համբարձումյան» դաշինքից ընտրված ավագանու անդամն ու կոմունալ բաժնի գլխավոր մասնագետը:
 
Վերջիններս բնակիչներին հայտնեցին, որ մարտ ամսից նշված հատվածում պլանային աշխատանքները մեկնարկելու են, որից հետո «Վեոլիա Ջուրը» պարտավորվել և խոստացել է, որ գալու են և մաքրելու են կոյուղատարերը:
 
«Մենք հավատում ենք միայն մեր ղեկավարին՝ խոշորացված համայնքի ղեկավար Դ. Համբարձումյանին ու հուսով ենք, որ նրա հետևողական աշխատանքի արդյունքում վերջապես մեր Մասիս կայարանում էլ գարուն կբացվի»:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր