211652_close_icon
views-count3287 դիտում article-date 16:28 17-02-2022

Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը միացվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանին. կրճատումներ կլինեն

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ԿԳՄՍՆ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը վերակազմավորել որպես «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամ եւ այն միացնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Վանաձոր քաղաքում գործելով երկու գյուղատնտեսական ուղղվածության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, պատճառ են դառնում ըստ մասնագիտությունների խմբերի թերկոմպլեկտավորման ձևավորմանը, որն էլ իր հերթին առաջացնում է ֆինանսական խնդիրներ:

Իրականացված միջոցառումների շնորհիվ  զգալի  ավելացել է երիտասարդների հոսքը դեպի միջին մասնագիտական կրթական հաստատություններ, ինչը հանրապետությունում կփոխի միջին և բարձրագույն մասնագիտական կրթությամբ շրջանավարտների հարաբերակցությունը հօգուտ  առաջինի:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղն ունի փորձառու պրոֆեսորադասախոսական կազմ, հագեցված նյութատեխնիկական բազա, նորագույն տեխնիկայով հագեցված լաբորատորիաներ: Ներկայումս շինարարական աշխատանքներ են իրականացվում «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ում և նախատեսվում է հաջորդ տարի տրամադրել ժամանակակից նյութատեխնիկական բազա:

Բավական հատկանշական հանգամանք է նաև այն, որ մինչ այս գործող երկու ուսումնական հաստատությունների ուսումնական ողջ գործընթացն իրականացվելու է ԵՄ բյուջետային աջակցության «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ծրագրի շրջանակում «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի ամբողջական վերանորոգված, նորացված և արդիականացված շենքում, որն էլ իր հերթին զգալիորեն կնպաստի ուսուցման որակի և շրջանավարտների մասնագիտական կարողությունների բարձրացմանը:

Նմանատիպ նյութեր