Երևանի մշակույթի պետական քոլեջը և Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը միաձուլվեցին
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշում կայացրեց, որով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլվում են և ստեղծվում է ԿԳՄՍՆ «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Երևանի մշակույթի պետական քոլեջը» և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը» իրականացնում են գրեթե միևնույն մասնագիտական ուսուցում և հարկերով առանձնացված լինելու հանգամանքից ելնելով խաթարվում է ուսումնական հաստատությունների բնականոն գործընթացը:
Այդ երկու քոլեջներում ուսուցանվում է համապատասխանաբար 6 և 9 մասնագիտություններ, որոնցից «Երգեցողություն», «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա» և «Էստրադային արվեստ» մասնագիտությունները կրկնվում են և ուսուցանվում են երկու ուսումնական հաստատություններում:
Նշվում է, որ կազմակերպության վերակազմակերպումը, ինչպես նաև դրա նկատմամբ պարտավորական կամ այլ իրավունքներ ունեցող անձանց փոփոխությունը հիմք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե տեղի չի ունենում աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքներիկրճատում:
Միաձուլման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես վարչական և ուսումնաօժանդակ, պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ (սովորողների թվի փոփոխություն):