211652_close_icon
views-count2529 դիտում article-date 14:09 07-02-2022

ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հայտնաբերած դեղամիջոցները ներդրվում են բժշկական կլինիկական պրակտիկայում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳԿ) նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում հետազոտվում են նեյրոտրոպ միացություններ, ինչի արդյունքում բժշկական կլինիկական պրակտիկայում ներդրվել է հակաէպիլեպտիկ դեղամիջոց Պուֆեմիդը:

Մեկ այլ դեղամիջոց՝ պոտենցիալ տրանկվիլիզատոր Պիրատիդինը, գտնվում է նախակլինիկական փորձարկման փուլում:

Համակողմանի և խորը ուսումնասիրման ենթարկվում նոր օրիգինալ 
դեղամիջոց N3212-ը, որն ունի հակաէպիլեպտիկ և համակցված հոգեմետ արտահայտված հատկություններ: 

Պուֆեմիդի, Պիրատիդինի, դեղապրեպարատ N3212-ի ուսումնասիրությունները և վերջին տարիներին բացահայտված միացությունները կարող են հետագայում կիրառություն ունենալ որպես նոր դեղամիջոցներ նեյրոտրոպ հատկություններով՝ ինչպես էպիլեպսիայի, այնպես էլ նևրոզների և մանիակալ-դեպրեսիվ սինդրոմի բուժման ժամանակ:          

ՕԴՔԳԿ-ում հակացնցումային և հոգեմետ հատկությունների հայտնաբերման ուղղությամբ ուսումնասիրվել են տարբեր քիմիական խմբերի պատկանող ծծումբ, ազոտ և թթվածին պարունակող նոր միացություններ՝ պիրանոտրիազոլոպիրիդինների ածանցյալներ, պիրանոպիրիդոթիենո-տրիազինների, թիենոտրիազոլոիզոխինոլինի, տիենոպիրիմիդինների, պիրիմիդինների ածանցյալները,  հիդանտոինների ածանցյալները և նրանց լիթիումական աղերը: Միացությունների հետազոտությունն իրականացվել է կորազոլային (պենտիլենտետրազոլ, որն օգտագործվում է որպես ցնցումային միջոց էպիլեպսիայի փոքր նոպաների ստեղծման համար) թեստով, որն առաջնային ընտրության մոդել է ինչպես էպիլեպսիայի, այնպես էլ անքսիոլիտիկ (տրանկվիլիզատոր հակավախային) կանխատեսվող հատկությունների բացահայտման համար՝ օգտագործելով սպիտակ մկներ: Առավել ակտիվ՝ 60-80%, թվով 8 միացություն ենթարկվել են խորը հետազոտության ցնցումային տարբեր թեստերով և հոգեմետ հատկությունների բացահայտման համար՝ «բաց դաշտ», «բարձրացված խաչաձև լաբիրինթոս», «հարկադրված լող», «պասիվ խուսափման պայմանական ռեակցիա» թեստերով՝ կիրառելով տարբեր փորձարարական կենդանիներ՝ աուտբրեդ մկներ և առնետներ:   «Այդ նշված թեստերով միացությունները ցուցաբերել են բարձր հակացնցումային, վարքագիծն ակտիվացնող կամ ընկճող հատկություն, անքսիոլիտիկ հատկություններ, որոշակի հակադեպրեսանտ ազդեցություն: Ուսումնասիրված միացությունները «պտտվող առանցքի» մոդելով հետազոտված դեղաչափերով չեն ունեցել միոռելաքսանտ ազդեցություն», - ասաց  հոգեմետ միացությունների հետազոտման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Պարոնիկյանը:

Նա նշեց, որ լաբորատորիայում ուսումնասիրվել է նաև 52 քիմիական նոր միացությունների հակամոնոամինօքսիդազային ակտիվությունը, որը բնորոշում է նրանց հակադեպրեսանտ ակտիվությունն առնետների ուղեղում in vitro  փորձի պայմաններում: Արդյունքում առանձնացվել են սպիրոբենզո խինազոլինների, կոնդենսացված պիրիմիդինների, ամինաթթուների հիդանտոինների ածանցյալներ՝ հետագա խորը ուսումնասիրությունների համար:   «Որոշ ընտրված միացություններ պիրազոլիլթիենոպիրիդինների և պիրազոլիլթիենոիզոխինոլինների շարքից իրականացվող թեմայի շրջանակներում ենթարկվել են պաթոհիստոլոգիական ուսումնասիրման, որոնք իրականացվել են հիպոկամպում և էնտորինալ (ուղեղի կառուցվածքներ, որոնք պատասխանատու են հոգեմետ հատկությունների դրսևորման համար) կեղևում: 
Բացահայտված է միացություն, որն ունի նեյրոպրոտեկտիվ ակտիվություն և կանխում է կորազոլավ առաջացած գլիոզը և նեյրոնների կորուստը», - ասաց Ռուզաննա Պարոնիկյանը:
Չնայած մի շարք հիվանդությունների զարգացումը կանխատեսելու և օրգանիզմիվիճակը գնահատելու տարբեր մեթոդների մշակման զգալի առաջընթացին՝ ներկայում արդիական է նոր, ավելի արդյունավետ և լայնորեն հասանելի մոտեցումների որոնումը՝ օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակը և վաղաժամ խանգարումներն օբյեկտիվորեն գնահատելու համար: 

«Այս առումով ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում մշակված «Բիոսկոպ» սարքավորումային համալիրը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Մեր հետազոտությունները ցույց են տվել «Բիոսկոպ» սարքավորումային համալիրի օգտագործման հնարավորությունը 
ոչ ինվազիվ (առանց շփման) ուսումնասիրելու օրգանիզմում էպիլեպտիֆորմ 
վիճակների կանխման և պաշտպանման բնույթը՝ օգտագործելով հայտնի 
հակաէպիլեպտիկներ՝  ֆենոբարբիտալ և դիազեպամ, ինչպես նաև գնահատելու ժամանակակից դեղամիջոցներ լամոտրիջինի և տոպիրոմատի օպտիմալ չափաբաժինները՝ օրգանիզմի էպիլեպտիֆորմ վիճակները կանխելու համար», - ասաց Ռուզաննա Պարոնիկյանը:

Շարունակվել են աշխատանքները «Բիոսկոպ» ապարատային համալիրի կիրառմամբ այլ հակաէպիլեպտիկ դեղամիջոցների, մասնավորապես՝ դիլանտինի, դեպակինի և զարոնտինի հետ ուսումնասիրություններում: Առաջարկվել է օգտագործել այս նոր մեթոդը որպես սկրինինգային՝ հակացնցումային դեղամիջոցների հայտնաբերման համար: Ուսումնասիրությունները հիմնականում իրականացվել են բազային հետազոտությունների, ինչպես նաև ՀՀ գիտության կոմիտեի «18T-1D066» դրամաշնորհի շրջանակներում, այժմ էլ կատարվում են «21T-3C101» թեմայի շրջանակներում:   Աշխատանքներում ներգրավված են երիտասարդ գիտնականներ, քիմիկոսներ Շուշան Դաշյանը, Արփինե Հարությունյանը, կենսաբաններ Տաթևիկ Առաքելյանը, Սոնա Բուլոյանը, Լիլիթ Արշակյանը:

Կատարված աշխատանքների հանդեպ կա մեծ հետաքրքրություն միջազգային հանրության կողմից, որն արտահայտվում է մեջբերվող աշխատանքների քանակով և մի շարք պարբերականների կողմից նմանատիպ աշխատանքները տպագրելու հրավերներով: Աշխատանքների մի մասն այժմ պատրաստվում է հրատարակման, մի մասն արդեն տպագրվել է գիտական հեղինակավոր պարբերականներում՝ «Журнал органической химии», «Химико-фармацевтический журнал», «Неврологический журнал имени Л.О. Бадаляна» https://doi.org/10.46563/2686-8997-2021-2-2-83-88, «Клиническая и экспериментальная морфология» https://doi.org/10.31088/CEM2021.10.4.53-62, «ՀՀ մտավոր սեփականության գործակալություն»: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր