211652_close_icon
views-count766 դիտում article-date 20:14 27-03-2024

Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

Նախարար Ժաննա Անդրեասյանը մարտի 27-ին  այցելել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և խնդիրներն արձանագրելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գիտական կենտրոնում, ծանոթացել շենքային և ընդհանուր աշխատանքային պայմաններին:

Գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավար Սահակ Գասպարյանը ներկայացրել է գիտական կենտրոնի ընդհանուր աշխատանքը, գիտական և հետազոտական ծրագրերը, որոնք իրականացվում են վերջին տարիներին պետության աջակցությամբ ձեռքբերված նորագույն սարքավորումներով: Նախարարը շրջել է լաբորատորիաներով՝ հետաքրքրվելով այս պահին ընթացող հետազոտություններով և գիտական ծրագրերի իրականացման ընթացքով:

Ինչպես նշել են գիտնականները, հարևանությամբ ընթացող շինարարական աշխատանքների պատճառով նանոսարքավորումները գերճշգրիտ տվյալների հավաքագրում չեն կարողանում իրականացնել, որը գիտական աշխատանքի արդյունավետության տեսանկյունից կարևորագույն պայման է:

Գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավարը նշել է, որ պետական միջոցներով կենտրոնը ձեռք է բերել մեկ միլիարդից ավելի արժողությամբ գիտական սարքավորումներ, որոնք այժմ կիրառվում են գիտական և տնտեսական կարիքները բավարարելու նպատակով և սպասարկում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր տնտեսության պահանջները:

«Մենք ունենք սարքավորումներ, որոնց մասին տասնամյակներով երազել ենք: Այս սարքավորումներով հետազոտություն կատարելը մեզ համար, որպես գիտնականի, չափազանց կարևոր է »,- նշել են գիտնականները:

Ըստ աղբյուրի՝ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ստանում է պետական խոշոր ֆինանսավորում. կենտրոնի տարեկան բազային ֆինանսավորումը շուրջ 641 մլն դրամի է հասնում: Կենտրոնն ընդգրկված է մի շարք գիտական ծրագրերում, որոնց ընդհանուր արժեքը մոտ 10 թեմատիկ գիտական ծրագրերի համար ավելի քան 900 մլն դրամ է կազմում:

Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ կարևորելով տնտեսության բոլոր ոլորտների զարգացումը՝ ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է լինելու, որ կենտրոնի գիտական գործունեության անխափան ընթացքը որևէ հանգամանքով պայմանավորված չխոչընդոտվի:

Նախորդ շաբաթ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել էր ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչների հետ: Գիտական կենտրոնի ներկայացուցիչները մտահոգություն էին հայտնել, որ կենտրոնի հարևանությամբ ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքների պատճառով խաթարված է կենտրոնի գիտաշխատողների գիտական և հետազոտական գործունեության բնականոն ընթացքը:

Նմանատիպ նյութեր