211652_close_icon
views-count2486 դիտում article-date 15:31 03-02-2022

Որքան ավելի շատ ենք ֆինանսավորում, այնքան ակտիվ կառավարության հրաժարականն են պահանջում. Փաշինյան

Հայաստանում ժողովրդավարության առումով շատ լուրջ առաջընթաց կա և կարևոր է, որ ոչ թե Հայաստանում է դա արձանագրվում, այլ միջազգային հանրությունն է արձանագրում։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  հավելելով, որ «ԵԽԽՎ-ում ընդունվեց նախադեպը չունեցող բանաձև, որում արձանագրվում էր Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շատ էական առաջընթացը»,- ասաց նա:

Թե ինչ կապ ուներ սա թեմայի հետ, Փաշինյանը պարզաբանեց՝ ՀՀ ՏԻՄ ընտրություններում հաղթում են նաև ընդդիմադիր ուժերը, ոմանք հընթացս են դառնում ընդդիմադիր:

Նա ասաց, թե կառավարությունը ՏԻՄ-երին աջակցելու որոշումներ կայացնելիս երբեք չի առաջնորդվել, թե որ համայնքում որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է ղեկավար. սա ապացուցելի փաստ է. «Բայց, ժամանակ առ ժամանակ, ես տեսնում եմ միտումներ, որ համայնքների ներկայացուցիչները փորձ են անում ներկայացնել, թե այն ծրագրերը, որոնք իրականացվում են սուբվենցիաների շրջանակում, իրականցվում են ի հեճուկս կառավարության. այստեղ այն համեստությունը, որ այս ընթացքում մենք ցուցաբերել ենք, այլևս տեղին չէ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը մարզպետներին կոչ արեց սուբվենցիոն ծրագրերի բովանդակությունը հստակ ներկայացնել հանրությանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ասաց, թե 2020 թվականի ամենախոշոր 10 սուբվենցիոն ծրագիրը, որ իրականացվել է, 10-ից ոչ մեկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքի ղեկավար չի ունեցել. դրանք հիմնականում եղել են Սյունիքի, Գեղարքունիքի մարզում:

Նրա թվարկելուց հետո Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Որ տենց շարունակեք, ես այստեղ ներիշխանական դավադրություն եմ տեսնելու, որովհետև որ համայնքներին որքան ավելի շատ ենք ֆինանսավորում, այնքան ակտիվ կառավարության հրաժարականն են պահանջում, իզուր եք բարձրաձայնում»։

Գնել Սանոսյանն ասաց. «Անկախ թե որ ուժի ներկայացուցիչն է համայնքի ղեկավարը, բոլորը մեր բնակիչներն են, բոլորի խնդիրները մերն են և քաղաքական հարց չենք դրել համայնքի խնդիրները լուծելիս»։

Նիկոլ Փաշինյանը ավելացրեց․ «Կատակը մի կողմ, բայց մեր կուսակցությունը ներկայացնող համայնքի ղեկավարները բողոքում են, որ մենք իրենց ավելի վատ աչքով ենք նայում»,- ասաց նա և նշեց, որ այստեղ կողմնապահություն չկա։

Նմանատիպ նյութեր