211652_close_icon
views-count1898 դիտում article-date 11:01 28-04-2015

Մենք այնքան էլ քիչ չենք, որքան կարծում ենք, այնքան էլ մենակ չենք, որքան մեզ էր թվում. ՀԱ

«Աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ հայեր կան, ապրիլի 24-ին ցույցեր ու երթեր են տեղի ունեցել,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Լոս Անջելեսում, օրինակ, 130 հազար մարդ է մասնակցել բողոքի ու հիշատակի քայլերթին: Տպավորիչ է, իհարկե: Բայց ամենից ազդեցիկը, թերևս Հալեպի կիսավեր ու տակավին վտանգավոր փողոցներով հայության երթն էր՝ սիրիական բանակի հայ զինվորականների պահպանությամբ: Մյուս հուզիչ պահը Արցախում, առաջնագծին մոտ տեղակայված զորամասի մեր զինվորների յուրօրինակ ջահերով երթն էր: Հասկանալի է, ծավալներով ու ընդգրկմամբ Երևանում տեղի ունեցած հուժկու երթի հետ չես համեմատի: Բայց զինվորների քայլը, իրոք, տպավորիչ էր. հրամանատարի գլխավորությամբ նրանք մոտակա բարձունքում, որը տեսանելի է հակառակորդին, ջահերով պատկերեցին 100 խորհրդանշական թիվը։ Շատերն են ուզում հասկանալ, թե ինչով է պայմանավորված մարդկանց ոգևորված արձագանքը այդ լուսանկարները տեսնելիս կամ հայության բողոքի կամ հիշատակի այդ ցույցերի մասին լուրերը լսելիս: Իսկ առանձնապես մեծ գաղտնիք կամ խորհրդավոր բան չկա: Միասնության զգացողությունն ու գիտակցությունն է ոգևորում: Միասնության ուժը: Այն, որ մենք այնքան էլ քիչ չենք, որքան կարծում ենք: Այնքան էլ մենակ չենք, ինչպես մեզ էր թվում: Ու այնքան էլ անմիաբան չենք, ինչպես մեզ անընդհատ ներշնչում են ուրիշներն ու մեր առավել «խելացիները»» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր