211652_close_icon
views-count1266 դիտում article-date 10:12 19-01-2022

Արցախի մեկուսացման փորձերն ավելի են ակտիվացել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում, ամփոփելով 2021 թվականը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձավ ինչպես աշխատակազմի, այնպես էլ իր կողմից համակարգվող նախարարությունների ու գերատեսչությունների գործունեությանը՝ կոնկրետ փաստեր եւ թվեր արձանագրելով տարվա կտրվածքով իրականացված աշխատանքների վերաբերյալ, որոնք հաշվետվությունն առավել համոզիչ եւ արժանահավատ դարձնելու միտում ունեն:

Առաջնահերթության կարգով Ա. Բեգլարյանը ներկայացրեց պատերազմի հետեւանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը, որի համաձայն` Արցախի ներդրումային հիմնադրամը 46.956 հայտերից 8.352-ը հասցրել է արդեն բավարարել՝ ավելի քան 10 մլրդ դրամի շրջանակներում: Բավարարվել են նաեւ նյութական վնաս կրած ֆիզիկական եւ իրավաբանական 1.349 անձանց հայտերը, եւ գումարների տրամադրման գործընթացը շարունակվում է:

Պետնախարարի տեղեկացմամբ՝ օրակարգում է մնում պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի փաստացի լուծումը, որն իր մեջ ներառում է բնակարանային ծրագրի մի շարք կարեւորագույն խնդիրներ: Դրանք մասնավորապես վերաբերվում են զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող ճանաչված եւ անօթեւան մնացած ընտանիքներին: Բնակչության դիմումների հաշվառման եւ ուսումնասիրման, հերթագրման եւ հատկացման հարցերն առավել թափանցիկ դարձնելու ու արդարացի վճիռներ կայացնելու նպատակով ստեղծվել է բնակարանային հարցերի կոմիտե, որի աշխատանքները համակարգում է պետական նախարարը: Նոր ձեւավորված կառույցն անցյալ տարվա նոյեմբերից ձեռնամուխ է եղել իր լիազորությունների իրագործմանը, եւ բնակարանների բաշխման ժամանակ առաջնահերթ համապատասխանեցվելու են չափանիշները, հաշվի են առնվելու շահառուների կարիքները գույքի ձեռքբերման վերաբերյալ: Ա. Բեգլարյանն ընդգծեց, որ հանրության համար գործընթացը լինելու է թափանցիկ, եւ բնակարանների տրամադրումը  կատարվելու է բացառապես արդարության սկզբունքով»:

Մանրամասն՝ թերթի այսրվա համարում։

Նմանատիպ նյութեր