211652_close_icon
views-count27692 դիտում article-date 21:02 15-01-2022

Պատերազմից հետո շատերը նոր մարդ առան, աննվագ ու անկերուխում հարսանիքներ շատ արվեցին. Մարտուն Սիմոնյան

Մարտուն Սիմոնյանը ընթերցողին է ներկայացնում իր հերթական փոքր արձակ գործը

Իր շինած մեծ տան հյուրասենյակում մոր հետ պառկած է Ֆրեդ պապը։ Մայրը՝ սեղանին, ինքը, քաղհանի բիրը ձեռքին, պառկած է բազմոցին․ երեկվանից մենակ է ծերանում։ Գունաթափ լուսամուտագոգին դրված է Վարդան Գրիգորյանի «Մանյա այրքը»՝ դեղնած էջերով, ծռմռված կազմով, խունացած ճշմարտությամբ։

Օրեր առաջ իջել էր նկուղ՝ հոր ֆրոնտից ուղարկած նամակները նորից փնտրելու։ Մայրն, ամեն անգամ, երբ նամակ էր ստանում, ձեռքերի դողով էր բացում մարդու կենդանության վկայությունները: Դրանք, ինչպես մի պտղունց ռեհան, դուրեկան էին դարձնում կոլխոզի անհամեմունք ճաշի պես անհամ օրերը, և նա մի քանի օր քթի տակ երգելով էր անցնում գյուղից սոխի դաշտերը տանող ճամփան, ուրախ սրտով էր առավոտից մինչև մութն ընկնելը, քաղհանում ու ցանում, ախորժակով էր ուտում կոլխոզի ձավարաջրով ճաշը, որի մեջ երբեմն-երբեմն կարտոֆիլ էր հայտնվում: Այդ օրերին մոր մեջ շտապողականություն էր մտնում. խեղճ կինն ուզում էր արագացնել անգույն օրերի մեջ ամփոփված ժամանակի ընթացքը, որ շուտով մի նոր նամակ էլ ստանար: Դաշտում աշխատող կանայք էլ էին գլխի ընկնում, թե Փիրուզն ինչի է ուրախ։ Ֆրեդ պապը չոչ անող երեխա էր, երբ հորը ֆրոնտ տարան ու նա մեծացավ՝ չիմանալով, թե ինչ է հայրը։ Երբ գյուղի փոշոտ փողոցները չափչփող անհոգ երեխա էր, նրան թվում էր թե կյանքն առանց հայրերի է, թե երեխեքը ծնվում են առանց հայրերի։ Երբեք չկարոտեց հորը, ինչպես որ չկարոտեց քրոջն ու եղբայրներին, որոնք մահացել էին նախքան իր ծնվելը։ Հիմա չի էլ հիշում, թե երբ ստացան հոր վերջին նամակը, որը Կերչից էր գրել: Հետո ինչ էր եղել՝ զոհվել էր, կորել էր, այդպես էլ չիմացան: Հոր բացակայությունը նրա ու մոր կյանքում մի որոշ ժամանակ լցրեց չորս ռուբլի թոշակը: Հետո սա էլ լքեց։
***
Ֆրեդ պապն այդ անգամ էլ միտքն ուտող հիշողությունների պես խառնեց նկուղը, բայց էլի չգտավ նամակներն ու հյուրասենյակ բարձրացավ Վարդան Գրիգորյանի հետ։ Վեպն էր կարդում, երբ տանեցիներն իրար անցան․ մայրը ննջարանում մահացել էր։ Գիրքն անշտապ դրել էր լուսամուտագոգին ու մոր մահվան հետ հաշտ քայլել նրա ննջարան, որտեղից ծեր մարմնի հոտ էր գալիս։ Հետո տունը լցվել էր արհեստական տխուր դեմքերով, ովքեր արդեն գնացել էին, որ վաղն էլի գային՝ մորը թաղելու։ Փիրուզին պետք է թաղեին գյուղում, որտեղ հարս էր եկել աղջկական պարզ ցանկություններով՝ օժիտի հետ բերելով երջանիկ օրերի սպասում: Վաղն այս ժամին արդեն անցած կլինեն տնից գերեզման տանող ճամփան։ Կանցնեն վերացած կոլխոզի ծիրանի այգիների վերածված դաշտերի մոտով, որտեղ կոլխոզի անհամ ու անհաց ճաշի հետ ամեն օր մայրն ուտում էր նաև պատերազմից հետո անմարդ դարձած կնոջ վիշտն ու հոգնած գալիս էր իրենց հազիվ տնանման կացարանը, որին ժամանակը նկուղ դարձրեց։ Սևացած լամպի լույսի տակ հեքիաթ պատմող մայրն արհեստական ժպտում էր, որ տղան էլ ժպտար։ Հաճախ նավթ էլ չէին ունենում ու զրկվում էին գիշերներն իրար տեսնելու հաճույքից:

Պատերազմից հետո շատերը նոր մարդ առան, աննվագ ու անկերուխում հարսանիքներ շատ արվեցին: Տառապանքից կանգ առած կյանքի սիրտը սկսեց դանդաղ տրոփել ու երջանկություն մղել անծուխ օջախները։ Հաղթանակը նրանց ոչինչ չտվեց. մայրը շարունակում էր աշխատել դաշտերում՝ կոլխոզի սահմանած աշխատանքային նորմը՝ տարվա մինիմում հարյուր հիսուն աշխօրը լրացնելու: Արևից ու փոշուց համարյա միշտ կեղտոտ նրա դեմքին պատերազմն ավելացրեց նաև կարոտի ու սպասման անորոշությունը: Դժբախտ կինը և ոչ մի տարեվերջին այդպես էլ չստացավ իր աշխատած լրիվ փողը. նոր-նոր հանգիստ շնչող պետությունը փողի մի փոքր մասն էր միայն տալիս։ Հետո հնարվեցին աշխատանքի դիմաց տրվող փոխառության տոմսակները, որոնց թվերը պատահական համընկնումով իբր թե պիտի մեքենա շահեին: Փիրուզը հավատում էր, որ հենց ինքը պետք է «պաբեդա» կամ «մասկվիչ» շահի ու միանգամից փակի անթիվ ծակերը, որ պատերազմը բացել էր իրենց կյանքում: Չշահեցին։ Մի օր էլ այդ տոմսակները մեկ ամսվա լույսի վարձի փոխարեն հանձնեցին գյուղսովետին: Ֆրեդ պապը տխրել էր․ ժամանակն արժեզրկել էր մոր տարիների տառապանքը՝ դարձնելով այն մեկ ամսվա լույսի վարձին համարժեք։ Հետո ամեն ինչ փոխվեց՝ գյուղը, կյանքը, մարդիկ, հիշողությունը։
***
Ննջարանից լսվում էր կրտսեր որդու և հարսի քչփչոցը։ Ցածր էին խոսում։ Կարծեց մայրն արթնանալու էր՝ իրեն պսակ նվիրածների անունները լսելուց: Վեր կացավ ու, նայելով Արցախում զոհված ավագ որդու մեծ լուսանկարին, քայլեց մոր մոտ։ Դագաղին դակված կտորից մի փոքր հատված պոկեց ու մոր ոտների մոտ տեղավորեց քաղհանի բիրը, այնպես, որ ոտքը չծակի։ Ձեռքը ոտքին կպավ. սառնություն զգաց։ Քաղհանի բիրը մոր հետ դրեց, որ նա դրախտի դաշտերում էլ աշխատի՝ իր ծնվելուց առաջ կորցրած երեխեքին կերակրելու համար, հետո ինքն էլ կմիանա նրանց ու միասին կսպասեն հոր վերադարձին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր