211652_close_icon
views-count22034 դիտում article-date 22:04 07-01-2022

Կյանքում առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում կանգնած է պետությունը. Նիշանյանը` ազատ արձակման մասին

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանում ՀՀ դեսպանությանը և դեսպան Տիգրան Մկրտչյանին իրեն ազատ արձակելու հարցում անհավանական ջանքեր գործադրելու համար:

«Դեսպանը  օր ու գիշեր աշխատեց, նա ոչ մի րոպե ինձ մենակ չթողեց: Իմ կյանքում առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում կանգնած է պետությունը ՝ առանց որեւէ պայմանների եւ առանց որեւէ տատանման: Բոլորովին այլ զգացում. դա լավ է, ես չգիտեի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիշանյանը:

Հայ լեզվաբանը նշել է, որ դատարանը վճռել է` դադարեցնել իրեն կալանքի տակ պահելը: Նիշանյանի խոսքով` հնարավոր է, որ ինքը ստիպված լինի որոշ ժամանակով հեռանալ Հունաստանից և գուցե ապրի Հայաստանում:

Հունաստանի կառավարությունը չի երկարաձգել պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու կապակցությամբ ձեռք բերված կացության իրավունքի ժամկետը, որը լրացել է դեկտեմբերի 29-ին: Նիշանյանը դեկտեմբերի 30-ին ձերբակալվել էր կացության կարգավիճակի ժամկետի լրանալու պատճառով: Սևան Նիշանյանը, ով 2014 թվականին Թուրքիայում 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել, բանտից փախուստի էր դիմել 2017 թվականի հուլիսի 14-ին: 2017 թվականի հուլիսի 25-ին Նիշանյանը հայտնել էր, որ ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանի իշխանություններին: Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում իբր ապօրինի շինարարություն կատարելու համար: Թուրքական մամուլն այդ ժամանակ գրում էր, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:

Սիրոսի վարչական դատարանը որոշում էր հրապարակել, համաձայն որի Սևան Նիշանյանը ազատ էր արձակվել:

Նմանատիպ նյութեր