Պետությունը պետք է դատապարտյալի համար երաշխավորի ազատ արձակման կանխատեսելի ճանապարհ․ ավարտվել են ՔԿՀ աշխատակիցների հետ Պաշտպանի նախաձեռնած քննարկումները
Այսօր ավարտվել են Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, այդ թվում՝ բժիշկների, հոգեբանների, ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն շփում ունեցող անվտանգության ապահովման բաժնի և հերթապահ խմբի աշխատակիցների համար Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած հատուկ քննարկումները:
6 օրերի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցները և անկախ փորձագետները ներկայացրել են խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտի ներպետական և միջազգային չափանիշները: Քննարկվել են հարցեր քրեակատարողական հիմնարկների սոցիալ-հոգեբանական և բժշկական հիմնախնդիրների, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում հոգեբանական խորհրդատվության, առողջապահական ծառայությունների կազմակերպման, բժշկական էթիկայի, ինքնասպանությունների կանխարգելման և հացադուլի վարման վերաբերյալ:
«Ազատությունից զրկված մարդու նկատմամբ պետք է գործի վստահության կանխավարկած։ Նրա հետ պետք է տարվի անհատական աշխատանք, պետք է մարդուն նախապատրաստել աստիճանական ազատ արձակման, այսինքն՝ դատապարտյալի համար պետք է կանխատեսելի լինի ազատ արձակմանը հասնելու պետության երաշխավորած ճանապարհը: Մենք ի՞նչ ենք արել․տարիներիընթացքումպահելենքանձինմեկուսացածուսոցիալ-հոգեբանականոչմիաշխատանքչենքկատարել նրա հետ ու վերջում ասել ենք, որ պատրաստ չէ ազատ արձակման։
Չի կարող պետությունն իր պոզիտիվ պարտականությունը չկատարելու պատճառով մարդուն ասել՝ դու պատրաստ չես ազատ արձակման»,- քննարկումների ժամանակ նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անփոխարինելի համարելով այս հարցում սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնողների, ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն շփում ունեցող անվտանգության ապահովման բաժնի և հերթապահ խմբի ծառայողների դերը:
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի մոտեցում պահանջող գործընթաց է և քրեակատարողական համակարգում աշխատող անձինք պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ և պաշտպանված աշխատանք: