211652_close_icon
views-count25495 դիտում article-date 19:29 29-12-2021

Ձեզ բացակա չենք դնի. Արարատի մարզի Զորակ գյուղում բացվեց լեգենդ դարձած Վյաչեսլավի, Գրիշայի և Դավիթի անունով հուշաղբյուր-խաչքար. ներկա էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Արարատի մարզի Զորակ գյուղում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զորակցի հերոսներ Վյաչեսլավ Մուսաելյանի, Գրիշա Դանիելյանի և Դավիթ Բադալյանի անունով հուշաղբյուր-խաչքար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին նահատակված հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, համագյուղացիները։ Ներկա էր նաև Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ 

Մինչ խաչքարի վրայից հերոսների հարազատները կիջեցնեին սպիտակ սավանը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին բոլոր նահատակվածների հիշատակը, ապա խաչքարի վրայից սավանը իջեցնելուց հետո հոգևոր հովվի կողմից օծվեց այն։ 

Զորակ գյուղի դպրոցի ուսուցչուհիները ներկայացրեցին իրենց սաների կյանքը, ապա դպրոցի սաները հանդես եկան իրենց խոսքով՝ ներկայացնելով հերոսների մասին մանրապատումներ։ Հուզիչ էր Զորակ գյուղի բնակիչ Գագիկ Ղազարյանի երգը՝ կենդանի կատարմամբ։

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին, ապա խնկարկեցին։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հավաքվածներն ասում էին. «44-օրյա պատերազմում հայ զինվորը չի պարտվել, բոլորը, այդ թվում՝ մեր գյուղի պարծանքներ, լեգենդ դարձած Վյաչեսլավը, Գրիշան, Դավիդը, բարձր են պահել ոչ միայն գյուղի, այլև ողջ հայության պատիվը։ Երեքն էլ՝ փառքով վերադարձած, դարձել են մեր բոլորիս համար հաղթանակի խորհրդանիշ։ Պատերազմում պարտվել են դիվանագետներն ու քաղաքական գործիչները, ու դրա համար պատմությունը տարիներ անց ջրի երես կհանի շատ բաներ, իսկ հիմա՝ ի լուր աշխարհի, ուզում ենք ասել, որ ձազ բացակա չենք դնի, ու դրա ապացույցը գյուղի այս հատվածում կանգնեցված նրանց անունով հուշաղբյուր-խաչքարն է, որը մեզ համար արդեն դարձել է հաղթանակի ու հավերժության խորհրդանիշ»։

********
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Դավիթ Կարենի Բադալյան

Ծնվել 2001 թվականի օգոստոսի 23-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում: Դավիթը բնավորությամբ աշխույժ, ընկերասեր ու չափազանց խելացի տղա էր։ Դպրոցն ավարտեց կարմիր ատեստատով ու ընդունվեց Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Որոշել էր որպես նեղ մասնագիտություն ընտրել պլաստիկ վիրաբուժությունը: Երազում էր, որ իրեն Դավիթ Կարենովիչ կոչեն: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը խորը ցավ է ապրում սիրելի ուսանողների մասին անցյալով խոսելիս:

«Դավիթին բնութագրելու համար ոչ թե դեկան, այլ որպես դասախոս պետք է նշեմ, որ յուրահատուկ սովորող էր: Գիրքը ձեռքից չէր դնում. միշտ ուսանողի կեցվածքով, պատրաստակամ, բոլորին լսելու, օգնելու կամքով»,-ընդգծում է դեկանը:

Համակուրսեցիները ևս կարոտով են հիշում կուրսընկերոջ հետ անցկացրած օրերը: Համակուրսեցու՝ Տաթևիկ Զուռնաչյանի խոսքով՝ Դավիթը հասակակից տղաներից տարբերվում էր նպատակասլացությամբ, աշխատասիրությամբ, պլանավորած քայլերով. հստակ գիտեր, թե ինչ պետք է անի բանակից վերադառնալուց հետո. «Միշտ ժամանակ էր գտնում զանգելու, երբեք չէր մոռանում խմբեցիների ու դասախոսների մասին. հարցնում էր ու բարևներ փոխանցում, նույնիսկ հիշում էր բոլորի տարեդարձները»:

Դավիթի մայրը` Տիկին Էլիզան պատմում է. «Շատ խելացի, մարդկային բոլոր հատկանիշներով օժտված, շատ բարի և անկեղծ էր, սիրում էր բոլորին, բայց ամենաշատը ինձ էր սիրում, Դավիթս իմ կեսն էր, մենք առանց իրար չէինք պատկերացնում, կյանքի միակ երազանքն էր դառնալ լավ բժիշկ, որ բոլորս միասին ապրեինք, ցավոք իմ բալի երազանքները մնացին անկատար, բայց ես համոզված եմ որ երկնքում էլ միևնույն է ինքն ամենալավ բժիշկն ու մարդ տեսակն է»։

Ընդամենը 8 ամսվա զինծառայող էր Դավիթը, երբ սկսվեց պատերազմը: Դավիթն ու եղբայրը ծառայում էին Մարտակերտում։ Պատերազմի ժամանակ եղել են տարբեր տեղերում։ Ապագա բժիշկը զոհվել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, տանկ խոցելուց հետո. Փամփուշտը մտել է սրտը: Ընկերները տեսել են նրան արդեն գետնին ընկած, նա հասցրել է 4 բառ ասել՝ «Մենակ եղբորս բան չլինի»:


Հավերժ փառք և խոնարհում մեր Հայ Զինվորներին


**********

Գրիշա Արմենի Դանիելյան

Ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 11-ին, Մասիս Քաղաքի Զորակ գյուղում։ Գրիշը ընկերասեր, քաջ, բարի, համեստ, կատակասեր, հարգված էր շրջապատի կողմից։ Իրենից երբեք չէինք լսի «ես հոգնած եմ» արտահայտությունը։ Շատ աշխատասեր ու ձգտող, միշտ ուրախ և ժպտերես։ Շատ պարզ էր ու մաքուր, օգնող, եթե ինչ֊որ մեկին իր հագի հագուստը պետք լիներ, առանց մտածելու կտար։ Շատ֊շատ ընկերներ ուներ, շատ նվիրված էր։ Ամեն ինչով, ինչով կարող էր կօգներ բոլորին՝ անհնարինը դարձնելով հնարավոր։

Սովորել է Զորակի Մոնթե Մելքոնյանի անվան մինջնակարգ դպրոցում։ Ստացել է 9֊ամյա կրթություն։ 9֊ամյա կրթությունից հետո ընդունվել է խոհարարական բաժին։ Ուսումն ավարտել է կարմիր դիպլոմով։ 2016թ. ընդունվել է աշխատանքի։ 2 տարի աշխատել է իր մասնագիտությամբ։

2019 թվականի հունվարի 21֊ին զորակոչվել է բանակ` ծառայություն անցնելով Հադրութ քաղաքում։ 1 տարի 8 ամսվա ծառայող էր արդեն, երբ սկսվեց պատերազմը։ Երբեք չի դժգոհել ծառայությունից, միշտ ոգևորված էր խոսում ու պատմում։ Սիրում էր Հադրութը, ասում էր՝ էստեղ դրախտ է լրիվ։

Ծառայության ընթացքում բոլորին զանգում էր, հարցնում ` ինչպես էին, թե՛ հարազատներին, թե՛ իր ընկերներին, թե՛ գյուղի ցանկացածին, ով իր մտքով այդ պահին անցնում էր։ Շատ մեծ հարգանք էր վայելում ծառայության ընթացքում։ Իր տարիքի երեխաների հետ համեմատած շատ խորը մտածող էր ու հասկացող։

Ծառայության ընթացքում իրեն լավ դրսևորելու համար պարգևատրվել է «Մարտական հերթապահություն», «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» շքանշաններով։

Գրիշի հետ վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 24֊ին. «Մինչև հիմա ականջներումս նրա ծիծաղն է, նրա ձայնը։ Խոսեցինք, ասաց, որ պատրաստվում են բարձրանալ դիրքեր։ Դիրքեր բարձրանալուց ընդհանրապես չի վախեցել, թշնամու կրակոցից անգամ մարմնով դող չի անցել, շատ խիզախ տղա էր Մեր Գրիշը.»։

Պատերազմն սկսվելուն պես եղել է դիրքերում։ Ամեն պահի պատրաստ է եղել թշնամուն իր տեղը ցույց տալու։ Գրիշը այն հերոս տղաներից է, ով պատերազմի առաջին իսկ օրվանից կռիվ է մղել՝ չմտածելով մեկ վայրկյան անգամ կյանքի մասին, հաղթանակած ոգով պայքարել մինչև վերջ և իրեն հերոս հագած՝ անմահացել։ Գրիշը զորակոչվելու հենց առաջին իսկ օրվանից եղել է ծառայությանը նվիրված, սիրել է իր հայրենիքը և ինչպես մնացած հերոսների պես՝ չխնայեց կյանքը՝ հանուն հայրենիքի, հանուն ապագա սերնդի։

Գրիշը զոհվել է Սեպտեմբերի 27֊ին, բայց մենք իմացել ենք Հոկտեմբերի 2֊ին։ Գյուղապետարանից տեղեկացանք այդ վատ լուրի մասին։ Ականջներիս չէի հավատում, երազի էր նման...։ Բայց մի պահ սթափվեցի, նայեցի շուրջ ու հասկացա որ երազ չէր, հասկացա որ կորցրեցի ամենակարևորիս։ Լուրը լսելուց հետո շաբաթներ շարունակ փնտրում էինք նրան, բայց ոչ մի տեղ չկար։ Զանգեցինք հրամանատարներին, զինակից ընկերներին, ասացին զոհվել է, մնացել է փլատակների տակ։ Զոհվելուց մի քանի օր անց դիրքերը հանձնեցին թշնամուն, իսկ իրեն ոչ ոք չկարողացավ իջեցնել դիրքերից։ Անցավ օրեր, շաբաթներ, ամիսներ, բայց մենք լուր չունեցանք նրանից։ Զոհվել էր, բայց հետքն անգամ չկար։ Հավատով սպասում էինք, որ մի օր հրաշք կլինի ու մեր Զինվորը տուն կգա...։ Հունվարի 21֊ին Գրիշի զորացրվելու օրն էր... կարոտով սպասում էինք նրա տուն դառնալուն...մեծ հույսով սպասում որ կգա, սպասում որ մի օր դուռը կբացի ու կժպտա։ Գրիշի ընկերները բոլորը զորացրվել են, բոլորը ողջ առողջ վերադարձել են Փառք Աստծո։ Բայց.... բայց Գրիշը մնաց բարձունքում...

Վերջապես գտանք մեր հերոսին, գտանք, բայց, ցավոք, ողջ չէր... Լուրն իմանալուն պես ամբողջ մարմնովս դող անցավ... աչքիս առաջ էր մեր լավ ու վատ օրերը, թե ոնց էինք մանուկ ժամանակ վիճում մի խաղալիքի համար, իսկ վերջում Սեպտեմբերի 27֊ին թեժ մարտերի ժամանակ զոհվել է Հերոսաբար, չխնայելով ամենաթանկը` Կյանքը։ Հիմա մենք իրեն կիսել ենք բոլորի հետ։ Ինքը դարձել է բոլորիս Հերոսը։ Հպարտ եմ, բայց սրտի ցավը կարծես խեղդում է հպարտության զգացումը։ Իր բացակայությունը փորձում ենք տան ամեն անկյունում իր նկարները դնելով լրացնել։ Անհնար է ասել թե ինչ ես զգում։ Անբացատրելի ցավ է, երբ միշտ հպարտ հորդ տեսնում ես կոտրված, իսկ մորդ` ամեն անկյունում լաց լինելիս։ Ուղղակի միշտ մտածում եմ, որ իմ կողքին է ու հիմա իր ուժը ինձ է փոխանցում։ Ես էլ իմ սիրտը թողել եմ սառը հողի մեջ, որ ջերմացնի իրեն»։


Փառք ու Պատիվ Քեզ Մեր ՀԵՐՈՍ..


*****


Մուսաելյան Վյաչեսլավ Ռոմանի

Ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 23֊ին, Բաքու քաղաքում։ 1989 թվականին ընտանիքով տեղափոխվել են ՀՀ՝ բնակվելով Մասիսի շրջանի Զորակ գյուղում։

1995 թ ընդունվել է Զորակի միջնակարգ դպրոց։ Եղել է կարգապահ, աշխատասեր և պարտաճանաչ աշակերտ։ Դպրոցը ավարտելուց հետո զորակոչվել է բանակ։ 2006֊2008 թվականներին ծառայել է ԼՂՀ բանակում՝ Ասկերանի շրջանում։

2020 թվականի սեպտեմբերի 29-ին կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Մասնակցել է տարբեր մարտերի, որտեղ պատվով է կատարել իր բոլոր առաջադրանքները։

Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ին, Հադրութի պաշտպանության մարտերի ժամանակ։

Հավերժ փառք քեզ, հերո՛ս
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 445+
445+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր