211652_close_icon
views-count334 դիտում article-date 14:38 12-09-2026

Հակասանիտարական, գարշահոտ վիճակ ու համաճարակի վտանգ՝ Երևանի սրտում․ Կենտրոնի թաղապետի քթի տակ՝ Սայաթ-Նովա պողոտայի ավտոկայանատեղիներից մեկում, առաջացրել է կեղտաջրի լճակ․ տհաճ հոտը զգացվում է մի քանի 100 մետրից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ շատ հաճախ Երևան քաղաքապետարանի վարչությունների պետերին, վարչական շրջանների ղեկավարներին հորդորել է, անգամ եղել են դեպքեր, երբ տվել է խիստ հանձնարարականներ, որ նրանք չպետք է բավարարվեն իրենց աշխատավայրերում նստելով, այլ պետք է աշխատեն բնակիչների հետ և ցանկացած խնդիր, եթե բնակիչները բարձրաձայնում են, հրատապ լուծեն։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է Երևանի սրտում՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի նստավայրից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեում դեռ սովետական տարիներից կառուցված ու շահագործվող ստորգետնյա ավտոկայանատեղիում, տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ և կա անգամ համաճարակի վտանգ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, այդ գարշահոտ վիճակի հարևանությամբ բնակվող բնակիչները արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հասցեներին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին․

«Հլը ասեք Երևանի կենտրոն ու շատերը կմտածեմ, թե էն տեսակ տեղ ենք ապրում, որ շնչում ենք մաքուր օդ և ազատ կարողանում ենք տեղաշարժվել։ Բայց եթե մի քիչ խորն ես մտածում, նույնիսկ երանի ես տալիս քարե դարին։ Ո՞վ է տեսել 21-րդ դարում, աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկի սրտում նման իրավիճակ։ 

Մի քանի 100 մետր չկա էստեղից մինչև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ։ Արդեն հոգնել ենք թե՛ թաղապետարանին, թե՛ «Վեոլիա ջրին» դիմելուց, լրիվ մուկն ու կատուն են խաղում։ Առողջապահության նախարարությունը հորդորում է, որ պահպանենք տարրական հիգիենայի պայմանները, բայց հիմա ուզում ենք հասկանալ, դո՛ւք, հարգելի թաղապետարան, հարգելի «Վեոլիա ջուր», այս պայմաններում գոնե մեկ ամիս կապրեի՞ք։ Մեկ ամիս ենք ասում, բայց դուք նույնիսկ մեկ վայրկյան չէիք ապրի։

Հիմա հույսներս կտրել ենք թաղապետարանից ու «Վեոլիա ջրից» ու խնդրանքով դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ում մեկ խիստ հանձնարարականը բավական է, որպեսզի պատասխանատուները հիշեն, որ նախ աշխատավարձ են ստանում մեր՝ հարկատուներիս տված կոմունալ վարձավճարների արդյունքում և ժամանակն է, որ զբաղվեն բնակիչների խնդիրների լուծմամբ։ Թե չէ ինչի՞ է նման։ Էստեղով հազարավոր երեխաներ են քայլում, շատերը գնում են Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, Խնկո Ապոր գրադարան, պատկերացնո՞ւմ եք էդ երեխաների վիճակը։ Հետո ստից տեսախցիկների առաջ ամպագոռգոռ հայտարարություններ կտարածեն, թե երեխաները մեր ապագան են։ Մինչդեռ այդ նույն երեխաները ամեն պահի գտնվում են վտանգի տակ, որ վարակը չի կպնի իրենց։

 Էնպես որ, հարգելի թաղապետարան ու Վեոլիա ջուր, յա հանգած հրաբուխներ ասենք, յա ձեզ։ Դրա համար խնդրում ենք Տիգրան Ավինյանի, որ մի բան անի։ Իսկ որ ինքը դրա հնարավորությունը ունի, վստահ ենք։ 

Էլ չենք ասում, երբ եղանակը անձրևում է, ստորգետնյա ավտոկայանատեղին դառնում է մինի Վենետիկ։ Նախ լցվում է անձրևաջրով ու ավտոկայանատեղի հասնելու համար պիտի մեքենան փոխարինեք մինի նավակով , բացի դա ավտոկայանատեղիի հիմքերի հերն անիվծում է, ծածկերը նույնպես։ Իսկ ասֆալտապատումը թերի է կատարվել քաղաքապետարանի կողմից»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր