211652_close_icon
views-count529 դիտում article-date 18:49 12-09-2026

Արտառոց դեպք՝ Հայաստանում. «Հրանտի ԱՐԿ» հիմնադրամի հիմնադիր ներկայացած 42-ամյա տղամարդը կասկածվում է ապօրինի ձեռնարկատիրության մեջ. ուղիղ եթերով հայտնել է, որ ստերջացրել է թվով 3800 շուն, 4200 կատու, ինչի համար անասնաբույժներին վճարել է 99 մլն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 281 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, այն է՝ «ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը» հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է Երևանի բնակիչ 42-ամյա Հրանտ Դավոյանի նկատմամբ։

Ըստ օպերատիվ տվյալների՝ վերջինը 5 տարիների ընթացքում Հայաստանի տարածքում իրականացրել է կենդանապաշտպան գործունեություն և հասարակությանը ներկայացել է որպես «Հրանտի ԱՐԿ» հիմնադրամի հիմնադիր, ինչը հաստատվել է տարբեր սոցիալական հարթակներում նրա կողմից ստեղծված պաշտոնական էջերով։

Ըստ այդ տեղեկատվությունների՝ Հ․ Դավոյանը տարիներ շարունակ իր գործունեությունն իրականացրել է Հայաստանում գործող օրենսդրության խախտումով, քանի որ օտարերկրյա պետությունում, այդ թվում՝ ԱՄՆ-ում գրանցված հիմնադրամը, որը գործունեություն է ծավալում Հայաստանում, պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հաշվառման ենթարկել իր առանձնացված ստորաբաժանումը կամ մասնաճյուղը։

Հ. Դավոյանը իր՝ ԱՄՆ-ում ստեղծած հիմնադրամի անունից հանդես է գալիս տեղական ինքնակառավարման մարմիններում։ 2026թ. հուլիսի 20-ին հուշագիր է կնքել Դիլիջանի համայնքապետարանի հետ, որի շրջանակներում պետք է կատարեր և կատարել է թափառող շների ստերջացում, կատաղության պատվաստում և կլիպսավորում։ Հ. Դավոյանը 2026թ․ հուլիսի 27-ին ժ.18.59-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր անձնական էջով ուղիղ եթեր է հեռարձակել, որում հայտարարում է, որ դեռևս 1,5 տարի առաջ՝ այսինքն 2024թ․-ին Դիլիջանում իրականացրել է ստերջացման ծրագիր, ստերջացվել է 250 շուն, որով անասնաբույժները ստացել են 3.750.000 դրամ, իսկ 2025թ․-ի ընթացքում հիմնադրամը ստերջացրել է թվով 3800 շուն և 4200 կատու և անասնաբույժներին ընդհանուր վճարել է 99.000.000 դրամ, նրա կողմից օրենքով սահմանված կարգով հարկեր և տուրքեր վճարելու մասին տեղեկություններ, ինչով փաստվում է առերևույթ հանցանքի կատարում, որին կարող է տրվել ՀՀ քր. օրի 281-րդ հոդված 1-ին մասով նախնական իրավական գնահատական։


Լուսանկարում «Հրանտ ԱՐԿ» ներկայացած հիմնադրամի հիմնադիր Հրանտ Դավոյանն է
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր