211652_close_icon
views-count850 դիտում article-date 09:52 13-09-2026

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Պռոշյանում 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ և հայտնվել ու բաժանարար գոտում․ նա հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Գյումրի-Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում Ռուսաստանի Դաշնությունում հաշվառված 40-ամյա Մեսրոպ Մեսրոպյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, մոտ 70 մետր կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատարի տեղակալ Քաջիկ Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկներ Արթուր Առաքելյանն ու Տիգրան Խեչումյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի հրշեջ-փրկարարները։

ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Համբարձում Հարությունյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով երկաթե արգելապատնեշների մեջ մխրճված, մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր