211652_close_icon
views-count1472 դիտում article-date 17:33 16-12-2021

Ռուբեն Մելիքյան․ Նարեկ Սամսոնյանի կալանավորման հարցում գործ ունենք քաղաքական հետապնդման հետ. News.am

Նարեկ Սամսոնյանի կալանավորման հարցում գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։ Այս մասին դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ սպասելով Սամսոնյանի կալանքի իրավաչափության վերաբերյալ որոշման հրապարակմանը, հայտնում է News.am-ը։

«Մեր կարծիքով՝ ժամկետի առումով լուրջ ընթացակարգային խախտում է եղել։ Ժամը 15:00-ին տեղեկացանք, որ պետք է հրապարակեին որոշումը։ Սակայն հենց նոր իմացանք, որ Նարեկ Սամսոնյանը դեռ չի ժամանել։

Խախտումը, որը վերաբերում է բոլորին, ոչ միայն Սամսոնյանին,  հետեւյալն է։ Երկար տարիներ կալանքի դեմ բողոքարկել հնարավոր չէր։ Երբ մարդուն բերման էին ենթարկում, բոլորը գիտեին, որ 72 ժամ հետո նրան կարող են ազատ արձակել։ 2015 թվականի Սահմանադրության կարեւորագույն ձեռքբերումներից էր կալանքը բողոքարկելու հնարավորությունը։ Որոշ ժամանակ անց դատարանները սկսեցին ակտիվ օգտագործել այս ինստիտուտը։ Այն օգտագործվել է ինչպես քաղաքական, այնպես էլ սովորական գործերում։ Սովորաբար այդ բողոքն արագ էր տեղի ունենում։ 

Ինչ վերաբերում է Սամսոնյանի գործին, նա փաստացի կալանավորվել է դեկտեմբերի 14-ին ժամը 11:22-ին։ Բողոքը ներկայացվել է ժամը 17-ին։ Միայն 44 ժամ հետո դատարանը մտադիր է որոշում կայացնել։ Օրենքով նախատեսվում է, որ 24 ժամվա ընթացքում դատարանը ոչ միայն պետք է դիտարկի, այլեւ որոշում կայացնի։ Իսկ դատարանը որոշումը հրապարակում է 44 ժամ անց։ Հետհաշվարկը պետք է սկսվի բողոքի ներկայացման պահից: Քաղաքացուն չի հետաքրքրում, թե ինչ թղթաբանություն է կատարվում ատյաններում։ Սակայն որոշ դատավորներ կարծում են, որ հետհաշվարկը սկսվում է գործն իրենց հանձնելու պահից։ Այնուամենայնիվ խոսքը երկու ժամվա տարբերության մասին է։ Հարցն այն է, թե ինչպե՞ս դիտարկել խնդիրը՝ մարդու իրավունքների՞, թե՞ բյուրոկրատիայի տեսանկյունից»,-նկատեց Մելիքյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է կալանավորումը, Մելիքյանը պատասխնեց, որ սա է ամբողջ հարցը. «Իմ կարծիքով՝ կալանքը նույնպես անհնար է, բայց կալանավորել են։ Ով գիտի՝ միգուցե կալանքն անհնար է, սակայն այլ  ճանապարհով կգնան։ Դժվար է ասել։ Մեր երկրում անհնարին հասկացությունն այլ բովանդակություն է ստանում»,-եզրափակեց Մելիքյանը։

Նմանատիպ նյութեր