211652_close_icon

Երևանում պարեկներն իրականացրել են հատուկ օպերացիա. հետապնդվող «BMW»-ն չկարողացավ խույս տալ պարեկներից. վարորդի փախուստը կասեցվեց. նրա մոտ հայտնաբերվել են ատրճանակ և խոշոր չափի կասկածելի թմրամիջոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count12070 դիտում article-date 17:16 18-10-2025
Վերջին տարիներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունն աչքի է ընկնում նաև ապօրինի թմրամիջոցների տարածման դեմ պայքարում։

Միայն վերջին տարիներին ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները բազմաթիվ դեպքեր են ոչ միայն բացահայտել ապօրինի թմրամոլության դեմ պայքարի ուղղությամբ, այլ նաև կարողացել են ստանալ օպերատիվ տեղեկություններ և հետապնդել ու վնասազերծել այդ թվում թմրամիջոցներ տեղադրողներին («կլադչիկներին»)։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում, որ Երևանում երթևեկող «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հնարավոր է ոչ միայն զենք, այլ նաև կասկածելի իրեր լինեն։

Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ որոշում են տաք հետքերով հայտնաբերել կասկածելի «BMW»-ն։

Րոպեների ընթացքում պարեկները հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ նշված «BMW»-ն երթևեկում է Տիգրան Մեծի պողոտայով։ 

Պարեկներ Ծովինար Մկրտչյանն ու Էդիկ Սասունցը նկատում են կասկածելի «BMW»-ն և ձայնային ազդանշանով, ապա բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնի, սակայն «BMW»-ն չի ենթարկվում պարեկների կանգառ օրինական հրահանգին և դիմում է փախուստի, և սկսվում է պարեկների կողմից նրա հետապնդումը։

Հասնելով Արցախի պողոտա 8ա շենքի մոտ, «BMW»-ի վարորդը բախվում է շենքի բակային հատվածում տեղադրված երկաթե ճաղավանդակին, վարորդն էլ դուրս է գալիս ավտոմեքենայից, դիմում փախուստի ու տեսնելով, որ պարեկներն այս անգամ արդեն ոտքով են հետապնդում իրեն, ուսի վայրից հանում և շպրտում է սև պայուսակ (բարսետկա)։

Այնուամենայնիվ պարեկներին հաջողվում է հետապնդել և կիրառելով ֆիզիկական ուժ, ապա հատուկ միջոց ձեռնաշղթայում են նրան և տեղափոխում դեպքի վայր։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերում է մեծ քանակի թմրանյութի նմանվող կասկածելի փաթեթներ և ատրճանակ։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Խաչատուր Խ.-ն է։

Ավտոմեքենան հատուկ քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+

Նմանատիպ նյութեր