211652_close_icon
views-count3676 դիտում article-date 10:37 02-12-2021

Գուցե Մոսկվայում ապրող որևէ «հովիվ» մեզ իշխանահաճո լուրեր կհաղորդի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանում գլխավոր newsmaker-ները, պարզվում է, «հովիվներն» են: Ընդ որում՝ ոչ թե անուն-ազգանուն ունեցող կոնկրետ մի հովիվ, այլ «հովիվներն»՝ իրենց ընդհանրության մեջ: Նախորդ օրը լուրեր էին տարածվում, որ ադրբեջանցի զինծառայողները նաhանջել են Իշխանասարի մոտակայքում գտնվող ինչ-որ մի դիրքից կամ դիրքերից: Ո՞վ ասաց: Իշխանասարի գյուղապետը: Նա որտեղի՞ց գիտի: «Հովիվներն» են ասել: Ողջ օրվա ընթացքում մենք բավարարվում էինք այդ մանվածապատ տեղեկությամբ՝ իսկը այդ օրվա եղանակին համապատասխան:

Լիներ դա երեք տարի առաջ` Փաշինյանն անմիջապես «լայվ» կմտներ, 2 րոպե կխոսեր Իշխանասարի մասին, 18 րոպե՝ չարամիտ «նախկինների» մասին, որոնց հախից ժողովուրդն իր ղեկավարությամբ անպայման կգա: Կամ՝ կնշեր ադրբեջանցիների «հետքաշումը» որպես Հայաստանի մասին 100 փաստերից մեկը: Բայց վարչապետը չի խոսում եւ, կարծում եմ, այս պարագայում ճիշտ է անում:

Ակնհայտ է, որ այն գերատեսչությունը, որն այս հարցում պետք է պաշտոնական տեղեկություն տրամադրի, պաշտպանության նախարարությունն է: Բայց այնտեղից որեւէ պարզաբանում չի հնչել, եւ միակ պաշտոնյան, որից հնարավոր է մեկնաբանություն խնդրել` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության Անդրանիկ Քոչարյանն է: Վերջինս էլ բոլոր բարդ հարցերին ունի մեկ ունիվերսալ պատասխան՝ «Դրա մասին հարցրեք Ռոբերտ Քոչարյանին»: Սկզբունքորեն, հասարակական  բացասական ընկալում  ունեցող «հակահերոսի» (երկրորդ նախագահի) անունը հաճախ տալը ճիշտ հռետորական հնարք է, բայց դա չի ավելացնում մեր տեղեկացվածությունը Իշխանասարի խնդրի մասին: Հանուն արդարության ասենք, որ պատգամավորը չէ, որ պետք է հասարակությանը տեղեկացնի այդ հարցի մասին, բայց, ինչպես արդեն ասացի՝ գործադիր իշխանությունը լռում է:

Այժմ Մոսկվայում ծանր բանակցություններ են ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի միջեւ: Դրանց էության եւ արդյունքների մասին, վստահ եմ, ոչ մի հասկանալի պաշտոնական լրատվություն մենք չենք ստանա: Մամուլի հաղորդագրության մեջ, ենթադրում եմ, ասվելու է՝ «կողմերը պայմանավորվեցին շարունակել ջանքերը…» ու դրա նման դատարկ ձեւակերպումներ: Դրանից 2-3 օր հետո ադրբեջանցի որեւէ պաշտոնյա եւ իշխանության խոսնակ (իսկ այնտեղ բոլոր հիմնական լրատվամիջոցներն այդպիսի խոսնակներ են) կհայտարարի, որ հայերն ընդունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Արցախի կարգավիճակն այդ պետության կազմում: Պաշտոնապես այդ պնդումները ոչ ոք չի հերքի: Կամ գուցե Մոսկվայում ապրող որեւէ «հովիվ» մեզ իշխանահաճո լուրեր կհաղորդի: 

Ճիշտն ասած, «հովիվի» այլաբանության մեջ ես խորը իմաստ եմ տեսնում: Որովհետեւ այն «հովիվները», որոնց մասին այստեղ խոսք է գնում, իրենց հոտին դնում են իրենց պատկերացրած կենդանիների տեղ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր