211652_close_icon
views-count1756 դիտում article-date 10:08 22-11-2021

ԵՊՀ կենսաքիմիկոսները ստեղծելու են բացառապես բնական պատրաստուկներ՝ կանխարգելիչ բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում կիրառելու համար

ԵՊՀ-ի ներկայացրած «Բուսական ծագմամբ միացությունների ներուժը սննդի և կերերի արտադրության կոնսերվանտների և նոր կենսաբանորեն ակտիվ հավելումների մշակման ոլորտում» գիտական թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։

Նշենք, որ գիտական ծրագիրը ֆինանսավորման է երաշխավորվել Գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթի արդյունքում։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Կենսաբանության ԳՀԻ ավագ գիտաշխատող, վերոհիշյալ ծրագրի ղեկավար Նաիրա Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բույսերը՝ որպես կենսաբանորեն ակտիվ տարբեր միացությունների հումք, մեծ հետաքրքրություն են ներկայացնում ողջ աշխարհում և լայն կիրառություն են գտել տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսական տեխնոլոգիաներ, բժշկություն, անասնաբուժություն և այլն։ Նրա խոսքով, Հայաստանում կուլտիվացվող և աճող վայրի բույսերի առավել գրավչությունը պայմանավորված է յուրահատուկ հողակլիմայական և արտաքին այլ պայմանների ազդեցությամբ, ինչի արդյունքում Հայաստանի ֆլորայի բույսերը տարբերվում են իրենց քեմոտիպով և օժտված են ակտիվ միացությունների սինթեզման բարձր ունակությամբ։

Նաիրա Սահակյանն ընդգծեց, որ ծրագրի նպատակն է մշակել և առաջարկել սննդի, կերերի արտադրության, ինչպես նաև կանխարգելիչ բժշկության ու անասնաբուժության ոլորտներում կիրառվող բուսական միացությունների հիմքով տարբեր պատրաստուկներ, որոնք օժտված են լինելու հակամանրէային և հակաօքսիդանտային ակտիվությամբ։

Ծրագրի ղեկավարը վստահ է, որ մշակված պատրաստուկներն ունենալու են կենսաբանական բարձր ակտիվություն. «Որպես հումք կիրառվելու են նաև տարբեր բուսական թափոններ, ինչն ապահովելու է հումքի բավարար ծավալները և հեշտացնի պատրաստուկների արտադրությունը՝ նվազեցնելով վերջնական արտադրանքի գինը և միաժամանակ գյուղատնտեսական թափոնների ծավալները։

Ներկայումս ՀՀ-ում նմանատիպ բնական պատրաստուկների արտադրության մասին տեղեկությունները բացակայում են»։ Նաիրա Սահակյանի խոսքով, նախագծի գլխավոր նպատակներից են խմբի անդամների մասնագիտական աճի խթանումը և նոր մասնագետների ներգրավումը. «Մեր գիտական խմբի անդամներն արդեն բավական վաղուց զբաղվում են բուսական ծագմամբ միացությունների ուսումնասիրմամբ, միջազգային գրախոսվող ամսագրերում հրապարակել են բազմաթիվ գիտական հոդվածներ»։ Նրա տեղեկացմամբ, ծրագրի իրականացման ընթացքում ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի, ինչպես նաև ԵՊԲՀ տարբեր ամբիոնների աշխատակիցներից նախատեսվում է ձևավորել կիրառական ագրոտեխնոլոգիայի և սննդագիտության տարբեր խնդիրներով զբաղվող գիտական խումբ, որտեղ ներգրավվելու են մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերում ընդգրկված երիտասարդներ։ ԵՊՀ ասիստենտի խոսքով, ծրագրի գաղափարը ծագել է դեռ մի քանի տարի առաջ, երբ գիտական խումբը սկսել է ավելի սերտ համագործակցել Գդանսկի տեխնոլոգիական համալսարանի քիմիայի, տեխնոլոգիայի և սննդի կենսաքիմիայի ամբիոնի հետ. «Վերջին 5 տարիների ընթացքում երկու համալսարանների գիտական խմբերը փոխգործակցում են «Անհատականացված սնուցում ծերացող հասարակությունում. տարիքային հիմնական հիվանդությունների վերօքս վերահսկողություն» ծրագրի շրջանակում:

Նաիրա Սահակյանը լիահույս է, որ ստացված արդյունքները կիրառական և հիմնարար մեծ նշանակություն են ունենալու գյուղատնտեսության, կենսաբանության ու բժշկագիտության ոլորտներում. «Կատարված հետազոտական աշխատանքների շնորհիվ խորանալու են գիտելիքները հակաբիոտիկ-կայունության, օրգանիզմի նյութափոխանակային ուղիների խաթարումների և վաղաժամ ծերացման վրա բջիջների վերօքս կարգավիճակի ու բջջաթաղանթների դերի վերաբերյալ»: Նա նշեց, որ նախագծի իրականացման ընթացքում կիրառվելու է շաքարային դիաբետով մակածված նեֆրոպատիայի բջջային մոդել. «Դա թեթևացնելու է օրգանիզմի նյութափոխանակության խաթարումների ուսումնասիրության ընթացքը և հնարավորություն տա հետազոտելու բուսական ծագմամբ պատրաստուկների ազդեցությունը շաքարային դիաբետով պայմանավորված բարդացումների վրա՝ նոր տեղեկություններ տրամադրելով կանխարգելիչ բժշկության և ֆիտոթերապիայի ոլորտներին։

Իսկ տարբեր, այդ թվում և հակաբիոտիկ-կայունությամբ օժտված մանրէների շտամների կիրառումը նոր ճանապարհ է բացելու համեմատաբար անվտանգ հակաբիոտիկների որոնման համար»: ԵՊՀ ասիստենտի փաստմամբ, ստացված արդյունքներն իրենց ներդրումն են ունենալու նաև այնպիսի համընդհանուր հարցերի լուծման գործում, ինչպիսիք են հակաբիոտիկների նկատմամբ կայունության և շաքարային դիաբետի արդյունքում ծագող հնարավոր բարդացումները։

Ծրագրի արդյունքում ԵՊՀ-ում ստեղծվելու են բուսական ծագմամբ լիովին բնական պատրաստուկներ, որոնք իրենց կիրառությունն են գտնելու բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում։

Նմանատիպ նյութեր