211652_close_icon
views-count2090 դիտում article-date 23:44 07-11-2021

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1616 կուրսային աշխատանքը կարելի է հանգիստ գնահատել անբավարար. Գոռ Հովհաննիսյան

«Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1616 կուրսային աշխատանքը (հա, ճիշտ ես կարդացել) կարելի է հանգիստ գնահատել անբավարար զուտ արդեն բազմաթիվ լեզվական կոպիտ սխալների պատճառով»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը:

Ընդամենը մի քանի օրինակ․

1․ Էջ 9-րդ․ «Զինված ուժերի քաղաքական չեզոքության սկզբունքից հետևում է, որ դրանք ՊԵՏՔ Է ՉՄԱՍՆԱԿՑԵՆ քաղաքականությանը և քաղաքական պայքարին, ՉՄԻՋԱՄՏԵՆ քաղաքական գործընթացներին, ինչի երաշխիքը դրանց ապաքաղաքականացումն է»:
Ճիշտը․ «․․․ ՉՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՆ, ․․․ ՄԻՋԱՄՏԵՆ»

2․ էջ 21-րդ․ «Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության տրամաբանական ԲԱՂԴԱՏՄԱՆ արդյունքում կարելի է ստանալ դրա նորմատիվ բովանդակության տարրերը կազմող հետևյալ իրավադրույթները.

ա) զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է,
բ) ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին,
գ) զինված ուժերի գլխավոր շտաբի պետին նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով»:
Ճիշտը․ ՍԴ-ն «բաղդատել» բառի իմաստը չգիտի ու ակնհայտորեն գործածել է «տրոհել», «բաժանել» իմաստով։ Հարգելի տղաներ ու աղջիկներ, «բաղդատել» նշանակում է ՀԱՄԵՄԱՏԵԼ։ Այս բառը մենք բազմիցս հանդիպել ենք դեռևս դպրոցում մաթեմատիկայի դասագրքերում վարժությունների պահանջները կարդալիս։ Օրինակ՝ «Բաղդատել թվերը» ևլն։ Բայց դուք ոչ թե համեմատություն եք կատարել, այլ ուղղակի նորմը բաժանել եք առանձին մասերի։ Հետևաբար, պիտի գրեիք․ «․․․նախադասության տրամաբանական ՏՐՈՀՄԱՆ արդյունքում․․․»։

3․ Էջ 25-րդ․ «Հակառակ տրամաբանությունը կենսական իրավիճակներում, հատկապես՝ պատերազմի ժամանակ կարող է հանգեցնել փաստական և իրավաբանական անհեթեթության այն դեպքերում, երբ և՛ ռազմավարական, և՛ մարտավարական առումներով փոփոխված ռազմական իրադրությունը հանգեցնի անհամապատասխանության գլխավոր շտաբի պետի պաշտոն զբաղեցնող անձի և իրավիճակից բխող պահանջների ՀԵՏ»:

Ճիշտը․ «հետ» կապի փոխարեն պիտի գործածեիք «ՄԻՋԵՎ» կապը, որովհետև դուք խոսում եք «գլխավոր շտաբի պետի պաշտոն զբաղեցնող անձի» և «իրավիճակից բխող պահանջների» անհամապատասխանության մասին։ Հետևաբար,

անհամապատասխանություն կարող է լինել դրանց ՄԻՋԵՎ, ոչ թե դրանց հետ։ Դրանց հետ անհամապատասխանության մասին խոսելու համար պետք է մի երրորդ բան, որն անհամապատասխանություն կունենա այդ երկուսի հետ։ Բայց եթե շատ ավելի խիստ մոտենանք, ապա «հետ» կապն ընդհանրապես այս համատեքստում ավելորդ է, քանի որ «փոփոխված ռազմական իրադրությունը հանգեցնի» այդ մի երրորդ բանի անհամապատասխանության «գլխավոր շտաբի պետի պաշտոն զբաղեցնող անձիՆ և իրավիճակից բխող պահանջներիՆ»։ Ավելի պարզ՝ (ան)համապատասխանություն մի բանԻՆ, այլ ոչ թե մի բանի ՀԵՏ։

Մնացած մանր-մունր կետադրական ու այլ սխալների մասին գրելն ավելորդ է։

Կարճ ասած՝ շատ վատ է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր