211652_close_icon
views-count2687 դիտում article-date 21:33 07-11-2021

Եթե դեմ չեք, 3-րդ դասարանի թվաբանությամբ ձեզ մի քիչ ծանրաբեռնեմ. Բաբկեն Թունյան

Քանի որ առանձին այս մասին շատ են հարցնում, ասեմ:

Թե՛ 2020 թվականի համար բյուջեով ֆիքսված 7% տնտեսական աճի, թե՛ կառավարության 2021-2026թթ. ծրագրում նշված 7-9% տնտեսական աճի դեպքում խոսքը գնում է ԻՐԱԿԱՆ տնտեսական աճի ցուցանիշի մասին:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Այսինքն՝ ՀՆԱ-ի դեֆլյատորով ճշգրտված տնտեսական աճի մասին, առանց գնաճի էֆեկտի:

Միշտ է այդպես եղել. թե նախկինում, թե հիմա, թե ապագայում «տնտեսական աճ» ասելիս խոսքը իրական աճի մասին է:

Ինչո՞ւ: Օրինակով պարզաբանեմ: Եթե դեմ չեք, 3-րդ դասարանի թվաբանությամբ ձեզ մի քիչ ծանրաբեռնեմ:

Եվ այսպես, Ֆերմերն աճեցնում է կարտոֆիլ և լոլիկ: Նախանցած տարի նա աճեցրել է 500 կգ կարտոֆիլ, վաճառել կգ-ը 200 դրամով, և 400 կգ լոլիկ՝ կգ-ը 300 դրամով:

Հասույթը կազմել է 220 հազար դրամ:

Անցած տարի աճեցրել է 520 կգ կարտոֆիլ, 390 կգ լոլիկ: Սակայն գներն աճել են. կարտոֆիլը վաճառել է 250 դրամով, լոլիկը՝ 330 դրամով: 
Հասույթը կազմել է 258.7 հազար դրամ:

Անվանական առումով ֆերմերի տնտեսությունն աճել է 38.7 հազար դրամով կամ 17.6%-ով:

Եթե մենք չիմանայինք կարտոֆիլի ու լոլիկի ծավալների և գների փոփոխության մասին, և հիմնվեինք միայն այս 17.6%-ի վրա, մեր պատկերացումը ֆերմերի տնտեսության իրական վիճակի մասին լիարժեք չէր լինի: Կմտածեինք՝ գործ ունենք սրընթաց աճի հետ:

Լիարժեք հասկանալու համար պետք է համադրելի գներ կիրառենք: Հաշվենք՝ որքան կլիներ ֆերմերի հասույթը, եթե նա կարտոֆիլն ու լոլիկը վաճառած լիներ անցած տարվա գներով: Կամ, պայմանական ասած, հասույթը ճշգրտենք «դեֆլյատորով»:

Կստացվի՝ 221 հազար դրամ (520կգ x 200դր + 390կգ x 300դր):

Իրական աճն էլ կստացվի ընդամենը հազար դրամ կամ 0.4%:

Եվ կհասկանայինք, որ ֆերմերի տնտեսությունն աճել է ոչ թե 17.6%-ով, այլ կարելի է ասել, չի աճել:

Ահա ճիշտ նույն տրամաբանությամբ, Վիճակագրական կոմիտեն ճշգրտում է մեր ՀՆԱ-ի աճը ամբողջ տնտեսության համար՝ հաշվի առնելով բոլոր ապրանքների և ծառայությունների գների փոփոխությունը, և «մաքրելով» գնաճի էֆեկտը՝ հրապարակում իրական տնտեսական աճի ցուցանիշը:Նույնը անում է առանձին ոլորտների աճերի դեպքում:

Այլապես մենք չէինք կարողանա հասկանալ՝ տնտեսությո՞ւնն է իրոք աճել, թե՞ գները: Դրա համար է կարևոր իրական աճի ցուցանիշի հրապարակումը, անկախ նրանից՝ այն լավն է, թե վատը:

Իսկ տնտեսական քաղաքականության նպատակը իրական աճն է, հավելյալ արժեք ստեղծելն ու դրա արդյունքում մարդկանց բարեկեցությունը ավելացնելը»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր