211652_close_icon

Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 3 տասնյակից ավելի բնակիչներ ասում են. «Ընտրությունից ընտրություն են մեզ հիշում, իսկ մենք ապրում ենք հակասանիտարական վիճակում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count54732 դիտում article-date 17:30 05-11-2021
Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 56, 58 եւ 60 շենքերի բնակիչներն արդեն մի քանի տարի է ապրում են հակասանիտարական վիճակում: Կոյուղագիծը մշտապես խցանված է, իսկ կեղտաջուրը հոսում է եւ լցվում փողոց:

Ամառ, թե ձմեռ գարշահոտից խեղդվում են: Շենքի բնակիչները ջրամատակարար ընկերությանը խնդրի մասին տեղյակ պահել են: Վեոլիաջուր ընկերությունից գալիս են, բայց խնդիրը հիմնովին լուծել չի ստացվում: Խնդրի իրենց բաժինն էլ բնակիչներն ունեն:

Նախկինում շենքերի հետնամասում ազատ տարածք է եղել: Ջրամատակարար ընկերության աշխատողները եկել են եւ առանց դժվարությունների խցանումը վերացրել: Հիմա չեն կարողանում տարածքին մոտենալ, որովհետեւ տասնամյակների ընթացքում շենքի բնակիչներն այստեղ պտղատու ծառեր են տնկել, ցանկապատել եւ այս հատվածում այլեւս անհնար է ձեռքով կամ տեխնիկայով որեւէ աշխատանք կատարել:

Վեոլիաջուր ընկերությունում խնդրի մասին տեղյակ են: Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանն ասել է, որ կա երկու լուծում` արմատական եւ ժամանակավոր, սակայն երկու դեպքում էլ պետք է տարածքն ազատվի: Տեղական ինքնակառավարման մարմնի աջակցությունն են խնդրել, որ որպեսզի կարողանան հարցը լուծել: Խոստացել են` օգնել: Հուսով եմ, որ առաջիկա շաբաթներին կլինի: 
Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 56, 58 եւ 60 շենքերի բնակիչներին միայն կոյուղու հարցը չի անհանգստացնում: Այստեղ լուրջ է նաեւ տանիքների վիճակը: Անձրեւաջրերը լցվում են շենք ու քանդում պատերը: 

Վանաձորցիների խոսքով` իրենց մասին իշխանությունը հիշում է միայն ընտրությունից առաջ, հետո մոռանում են մինչեւ հաջորդ ընտրություն: Հուսով են, որ այսօրվա թեկնածուները ընտրվելու դեպքում խոստումները չեն մոռանա եւ խնդիրներն իսկապես կլուծեն:

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր