ԱԺ ընդդիմությունը և իշխանությունը համաձայնության չեկան. հրատապ քննարկումից հետո հայտարարության նախագիծը չընդունվեց
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր և իշխանական խմբակցությունները համաձայնության չեկան «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքում ընդդիմության կողմից կազմված ԱԺ հայտարարության տեքստի առնչությամբ, այսպիսով` իշխանությունը չմասնակցեց քվեարկությանը, նախագիծը չընդունվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունից առաջ «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության նախագծի տեքստը:
«Հիմք ընդունելով ԱԺ-ի նիստում «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքները՝ ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների և վարձկանների ներգրավմամբ 2020-ի սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ զինված ագրեսիան, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների, նաև դադարեցումից հետո պատանդառված անձանց նկատմամբ միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը, Ադրբեջանի ռազմաքաղաքական և հանրային շրջանակների կողմից չդադարող հայատյաց հռետորաբանությունը՝ արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից վերը նշված հանցագործությունները շարունակվում են՝ ուղեկցվելով ՀՀ-ի և Արցախի տարածքների նկատմամբ հավակնություններով, սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, և որ սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա՝ համաձայնության միջոցով…»,-կարդաց Աբրահամյանը:
Հայտարարության մեջ շեշտվում է՝ Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումը և Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով:
Հայտարարությամբ ՀՀ կառավարությունից պահանջվում է զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով, ընթացող գործընթացների վերաբերյալ խորհրդարանական տարբեր ձևաչափերով ապահովել ԱԺ-ին հավաստի տեղեկատվության տրամադրումը, ԶՈՒ-ի բարեփոխումների և անվտանգային համակարգին վերաբերող հարցերում լինել հնարավորինս հրապարակային:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ քաղաքական մեծամասնությունն այս հայտարարության նախագիծը ստացել է հոկտեմբերի 26-ին, օրվա երկրորդ կեսին, երբ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարության նախագիծն ամբողջությամբ կազմել էին: «Քաղաքական մեծամասնությունը որևէ կերպ ներգրավված չի եղել հայտարարության կազմման գործընթացում»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ թեև նախագիծը ստացել են երեկ բավականին ուշ, սակայն փորձել են աշխատել գործընկերների հետ՝ ստանալու նախագծի կոնսենսուսային տարբերակ, որը չի հաջողվել: «Նախագծում տեղ գտած այն դրույթներն ու թեզերը, որոնք վերաբերվում են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին, հակամարդկային գործողություններին, այդ դրույթների հետ որևէ խնդիր չենք տեսնում: Ավելին՝ խորհրդարանական մեծամասնությունն իր բոլոր խողովակներով և գործադիրը բոլոր մակարդակներում պայքարում է նշված խնդիրների միջազգային հանրայնացման և խնդիրների լուծման ուղղությամբ»,-ասաց Կոնջորյանը:
Ըստ իշխանական խմբակցության, սակայն, հայտարարության մեջ տեղ են գտել նաև ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ՝ ընդդիմության քաղաքական նարատիվի մաս հանդիսացող մոտեցումներ, որոնք, ըստ ՔՊ-ի, չեն կարող տեղ գտնել նման հայտարարության մեջ: Այսպիսով` ընդդիմության հետ իշխանությունը կոնսենսուսի չի հասել, հետևաբար ՔՊ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը:
Քվեարկությամբ ԱԺ հայտարարության նախագիծը ստացավ 26 կողմ ձայն: