211652_close_icon
views-count2483 դիտում article-date 16:20 23-10-2021

Ռուս խաղաղապահները 2 հեկտար տարածք են ականազերծել Արցախում

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները 2 հեկտար տարածք են ականազերծել Արցախի՝ կողմերի շփման գծին մոտ գտնվող շրջաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագիրը:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը նկարագրել է, թե ինչպես են աշխատում ռուսաստանցի սակրավորները Արցախում:

Նշվում է, որ իրենց աշխատանքի ընթացքում ռուսաստանցի զինծառայողները տարբեր մեթոդներ են կիրառում տարածքը ականազերծելու համար, այդ թվում՝ ձեռքով ականազերծումը, ականներ փնտրող շներին գործի դնելը և մեխանիկական համակարգերը:

Զորամիավորման հումանիտար վաշտի կազմում, սակրավորների հետ միասին, ծառայություն են իրականացնում նաև ծառայողական շներն՝ իրենց ջոկատավարների հետ:

«Մենք ջոկատավարների հետ ամեն օր վարժեցման ընդհանուր պարապմունքով և հատուկ վարժանքով ծառայողական շներին սովորեցնում ենք հմտություններին տիրապետել: Ընդհանրապես, մեր առանձնահատկությունն այն է, որ մեր ծառայողական շան օգնությամբ պայթուցիկ նյութեր գտնենք»,- ասել է ռուսական խաղաղապահ զորամիավորման ներկայացուցիչ Ռոման Կոգաևը:

Ռուսական խաղաղապահ զորամիավորման ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը հսկելու նպատակով:

Նմանատիպ նյութեր