211652_close_icon
views-count2159 դիտում article-date 10:23 23-10-2021

Տարածաշրջանում թուրքական հավակնությունները զսպելու հրամայականը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Անկարան շատ ակտիվ է տարածաշրջանային համագործակցության օրակարգի ձևավորման համատեքստում, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջարկը վերաբերում է կոնկրետ «3+3» ձևաչափին։ Այս ձևաչափի շրջանակում նախատեսվում է տարածաշրջանում ներկայացված երեք խոշոր պետությունների՝ Թուրքիա, Իրան, Ռուսաստան, և երեք Հարավկովկասյան փոքր պետությունների՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, առավել սերտ փոխգործակցության մեխանիզմների ստեղծում։ Սակայն այստեղ հարց է, թե ինչպիսին կարող է լինել դասավորությունը փոխգործակցության մեխանիզմների հարցում, քանի որ ազդեցության լծակների հարցում մեկ պետությունը կարող է առավելություն ունենալ մյուսների նկատմամբ։

Մյուս կողմից՝ շատ ուշագրավ հանգամանք է, որ թուրքական կողմի առաջարկած վեցակողմ համագործակցության տարածաշրջանային հարթակից դուրս է մնում Արևմուտքը։ Ճիշտ է՝ Արևմուտքը շատ հզոր ազդեցության լծակներ չունի Հարավային Կովկասում, բայց արևմտյան երկրները ևս կարող են դերակատարություն ունենալ տարածաշրջանում թուրքական ազդեցության աճը զսպելու հարցում։ Եվ այս հարցում հատկապես մեծ դերակատարություն ունի Եվրամիությունը։ Պատահական չէ, որ օրերս Եվրոպական հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում կոշտ քննադատության է ենթարկում թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը, որը հանգեցրել է ժողովրդավարության հետընթացի։

Ուշագրավ է, որ զեկույցում շեշտվում է, թե Թուրքիան առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերին աջակցելու գործում՝ տրամադրելով ռազմական օգնություն, հետախուզական տվյալներ ու զենք, և աջակցություն օտարերկրյա զինյալների տեսքով։ Ուստի ԵՄ երկրների հետ ևս առանձին աշխատանքի կարիք կա, որպեսզի ԵՄ-ն ևս ներկայացված լինի տարածաշրջանային համագործակցության ձևաչափում և թույլ չտա Թուրքիայի դիրքերի չափից ավելի ամրապնդում։ Բայց ամենամտահոգիչն այն է, որ ՀՀ իշխանությունները անհրաժեշտ ճկունություն ցուցաբերելու փոխարեն արդեն հակվել են նրան, որ ինչ պահանջներ իրենց առաջ դնեն Թուրքիան ու Ադրբեջանը, նոր պատերազմի սպառնալիքը կանխելու անվան տակ գնան դրանց անվերապահ կատարմանը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր