211652_close_icon
views-count1382 դիտում article-date 20:56 21-10-2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հոկտեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկած «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանի։

Ներկայացնելով գիտաժողովի մասնակիցներին՝ տիար Հակոբ Տեր-Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Նորին Արբությանն ընդունելության համար։

Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով հյուրերին, կարևոր նկատեց նման միջազգային գիտաժողովների անցկացումը։ Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ գիտաժողովի մասնակիցների զեկույցներն ու քննարկումներն իրենց օգտակարությունը կունենան հայ ժողովրդի պատմության դժվարին այդ ժամանակաշրջանի ուսումնասիրության և խնդիրների արծարծման առումով։ Անդրադառնալով մեկ դար առաջ հայրենիքում տիրող ծանր և բարդ իրավիճակին՝ Նորին Սրբությունը վստահությամբ ընդգծեց, որ հայ ժողովուրդն իր հավատքի ու լավատեսական ոգու շնորհիվ այսօր ևս կկարողանա հաղթահարել առկա բոլոր դժվարություններն ու փորձությունները՝ կերտելով գալիք սերունդների համար ապահով, խաղաղ և բարօր երկիր։

Հանդիպմանը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անդրադարձավ նաև վերջերս Հռոմ (Իտալիա) և Մոսկվա (ՌԴ) կատարած իր այցելություններին, որոնց ընթացքում արծարծվել են արցախյան պատերազմի հետևանքով առաջացած մատահրավերները և մեր ժողովրդին հուզող խնդիրները, մասնավորապես Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի, ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգությունների և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության  վերաբերյալ հարցեր։

Վերջում Հայոց Հայրապետը պատասխանեց գիտաժողովի մասնակիցների հարցերին Քույր Եկեղեցիների հետ ձևավորված սերտ գործակցության և Մայր Աթոռի կողմից Արցախի հոգևոր ու պատմամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։
 
 

Նմանատիպ նյութեր