211652_close_icon
views-count1169 դիտում article-date 20:09 10-06-2014

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Միջազգային խորհրդակցության մասնակիցներին

Հունիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ասորի Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչ Դիոնիսիոս արքեպիսկոպոս ժան Կավակին Անտիոքի և Համայն Արևելքի Հույն Պատրիարքության ներկայացուցիչ Դեմետրիոս եպիսկոպոս Չարբակին, Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար դոկտ. Էլիաս Էլ Հալաբին և ԵՀԽ-ում Միջին Արևելքի ծրագրերի գծով պատասխանատու պրն. Միշել Նսեյրին, ովքեր Մայր Աթոռ են ժամանել հունիսի 11-12-ը Մայր Աթոռում գումարված «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդակցության առիթով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Քույր Եկեղեցիների և ԵՀԽ ներկայացուցիչներին, իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նրանց Մայր Աթոռի հրավերին ընդառաջ Հայաստան ժամանելու առիթով: Խոսելով Սիրիայում տիրող ծանր իրավիճակի և, մասնավորապես, քրիստոնեական համայնքների մասին` Նորին Սրբությունը կարևոր նկատեց Քրիստոնեական Եկեղեցիների մարդասիրական համընդհանուր ջանքերի մեկտեղումն ի խնդիր Սիրիայի աստվածասեր ժողովրդի վերքերի ամոքման և Սիրիայում խաղաղության ու բնականոն կյանքի վերահաստատման: Այս առումով Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախաձեռնած խորհրդակցությունն ևս խաղաղասիրական ուղիներ կմատնանշի հակամարտության կարգավորման համար: Ամենայն Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նաև Մերձավոր Արևելքի երկրներում և հատկապես Սիրիայում սպասավորող հոգևորականների անձնազոհ ու նվիրյալ ծառայությանը և վստահություն հայտնեց, որ Աստծու ողորմածությամբ ամուր հավատքի և լավատեսության ոգու շնորհիվ ծանր ու դժվարին ժամանակները պիտի հաղթահարվեն: Ամենայն Հայոց Հայրապետը, հյուրերին ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից Սիրիայի ժողովրդին և հայ համայնքին ցուցաբերված աջակցությունը, վստահեցրեց, որ Մայր Աթոռը պիտի շարունակի ըստ ամենայնի զորակցել պատերազմի արհավիրքը կրող ժողովրդին: Զրույցի ընթացքում մասնավոր մտահոգություն արտահայտվեց նաև Սիրիայի քրիստոնեական համայնքների վիճակի և պատերազմի հետևանքով նվազող քրիստոնեական ներկայության առնչությամբ: Հանդիպմանը ներկա էին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Տեղեկատվական համակարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Նմանատիպ նյութեր