211652_close_icon
views-count24514 դիտում article-date 19:14 20-10-2021

«Վթարի հետ կապ չունենք, բայց վնասում են մեր ընկերության գործարար համբավը»․ «Տրանս ակնթարթ»-ի ներկայացուցիչ. aravot.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հիմնադրած «Տրանս ակնթարթ» տրանսպորտային կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Լիզա Գասպարյանը քիչ առաջ Aravot.am-ին հայտնեց իր դժգոհությունն առ այն, որ վաղ առավոտյան Երևան-Գյումրի մայրուղու 51-րդ կիլոմետր հատվածում շուռ եկած «գազել»-ի պատկանելիության մասին իրավապահները ոչինչ չեն հայտնում, արդյունքում շատերը կամ զանգահարում են՝ հարցնելով ձեր ընկերության գազե՞լն է, կամ միանգամից վերագրում են իրենց՝ վնասելով ընկերության գործարար համբավը։

«Վաղ առավոտից մեր ընկերություն հեռախոսազանգերը չեն դադարում, մենք պարբերաբար հերքումներ կամ բացատրություններ ենք տալիս՝ վթարի հետ կապված։ Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ին։ Ժամը 18․00-ն է, պարզվում է Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ կոմպետենտ կառույց, իրավապահ մարմին, որը կկարողանա հստակեցնել, թե տվյալ վթարի ենթարկված մեքենան ո՞ւմ է պատկանում, ո՞ր ընկերությանը։

Մեր ընկերությունը պարզել է, որ այդ մեքենան մասնավոր անձի է, որևէ ընկերության հաշվեկշռում չէ։ Սա լուրջ մտահոգության թեմա է մեր ընկերության գործարար իմիջի համար, տագնապ ու խուճապ է սկսվել․ անընդհատ աշխատում ենք մեր ուղևորների հետ, անընդհատ բացատրում ենք, որ Գյումրի-Երևան երթուղին և Գյումրի-Երևան մայրուղին նույնը չեն, և պետք չէ շփոթել դրանք։

Մանրամասներն՝ այստեղ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր   SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էին, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին՝ մի մասը՝ «Թալին», մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ։

Օպերատիվ էին գործել Աշտարակի և Թալինի հիվանդանոցների բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։ 

Մահացածները հայտնաբերվել էին ավտոմեքենայից դուրս, տարբեր տեղերում։

Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հերթափոխի պետ Դավիթ Սիմոնյանի գլխավորությամբ։ 

Վիրավորներից մի քանիսին փրկարարներն էին քաղաքացիների և բժիշկների օգնությամբ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը։

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Թալինի բաժնի պետ Վահան Նասոյանը։ 

Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Համբարձում Սարգսյանի գլխավորությամբ՝ պարզելու համար վիրավորների ինքնությունը։        

Վթարի մասին ՃՈ-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ։ 

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ա. Պետրոսյանը, ում որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 200+
200+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր