211652_close_icon
views-count28363 դիտում article-date 20:21 19-10-2021

3 ժամից ավելի է, հրշեջները քաղաքացիների օգնությամբ պայքարում են Սարի Թաղից Նորքի հեռուստաաշտարակ տանող հատվածում առաջացած խոշոր կրակի դեմ. տեղում են նաև Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 3 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկով ժամանած  հրշեջ-փրկարարները  ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցներն ու մեծ թվով քաղաքացիներ պայքարում են Սարի Թաղից դեպի Նորքի հեռուստաաշտարակ տանող հատվածում  առաջացած խոշոր հրդեհի դեմ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարական  մեքենաները  մեծ դժվարությամբ են հասնում հրդեհի վայր, քանի որ Սարի Թաղի նեղ ճանապարհներին կայանված քաղաքացիների ավտոմեքենաները խոչընդոտ են հանդիսանում:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից  մի քանիսը ասում էին, որ հրշեջ մեքենաներից  երկուսին հրդեհի վայր են ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները և դրա շնորհիվ  է, որ  հրշեջները կարողացել են շուտ հասնել հրդեհի վայր:

Քաղաքացիները նույնպես  հրշեջների հետ մոտ 3 հեկտար տարածքում մարում են կրակը, ինչը նրանց հաջողվում է:

Տեղում են նաև  ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանն ու Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:

Հրդեհի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի գնդի պարեկներն ու ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները:

Այս պահին հրդեհի տարածումը կանխվել է, հրշեջները կատարում են որոնողական աշխատանքներ՝ կրակի օջախներ հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր