57914 դիտում
11:34 15-10-2019
Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. հրշեջները 12 ժամից ավելի պայքարում են բրիկետների արտադրամասում առաջացած կրակի դեմ. գյուղացիները հավատում են, որ մարզպետն ու վարկային կազմակերպությունը օգնության ձեռք կմեկնեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղի անասնաֆերմաներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, այնուհետև անհրաժեշտությունից ելնելով, ժամանել են Աբովյանի թիվ 45 և Երևանի թիվ 13 հրշեջ- փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները մի քանի ժամ գյուղացիների հետ համատեղ պայքարել են կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվել է, սակայն ներսում եղած մոտ 120 տոննա չոր ծղոտն ու մոտ 10 տոննա արդեն պատրաստի բրիկետները ամբողջովին վերածվել են մոխրի:
Հրեդեհի հետևանքով մասամբ վնասվել են նաև արտասահմանյան արտադրության սարքավորումները, որոնցով իրականացվում էր արտադրությունը:
Այս պահին տեղում հերթապահություն են կատարում Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ հրամանատարի տեղակալ Արմեն Սարդարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նշված արտադրությունը հիմնադրած, Երևանի բնակիչ, 46-ամյա Սուրեն Դավթյանն ասում էր. «Գործընկերոջս հետ հիմնել ենք արտադրամաս ու արտադրում ենք էկոլոգիապես մաքուր վառելիքային բրիկետներ: Փոքր, միջին ձեռնարկությունների զարգացման ունիվերսալ վարկային կազմակեպությունից գումար ենք վերցրել և նշված անասնաֆերմայում ստեղծել բրիկետների արտադրւթյուն: Ձեռք է բերվել մեծ քանակությամբ ծղոտ: Հումքը բացառապես միայն ծղոտից է: Գործընկերոջս հետ նաև արտադրամասում տեղադրել ենք հատուկ սարքավորումներ, որոք արտասահմանյան արտադրության են»:
Ս. Դավթյանը հայտնում էր նաև, որ ահազանգից կարճ ժամանակ անց հրշեջները օպերատիվորեն ժամանել են և սկսել են նախ պայքարել կրակի տարածման դեմ, ապա գյուղացիների հետ համատեղ ողջ գիշեր ու մինչև հիմա փորձում են մարել կրակը:
Մի քանի գյուղացիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ուզում ենք հավատալ, որ Կոտայքի մարզպետարանը՝ մարզետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ, և վարկային կազմակերպությունը կընդառաջեն ու գոնե 2-3 տարով կսառեցնեն վարկային պարտավորությունները, մինչև արտադրամասը վերականգնվի, իսկ դրա համար անզեն աչքով էլ երևում է, որ մոտ 25-30 հազար դոլար գումար պետք է նորից ներդրվի:
Մենք նույնիսկ գիտեինք, որ արտադրամասն ստեղծողները պլանավորել էին հետագայում՝ 1-2 ամիս հետո, մի քանի աշխատատեղեր էլ ավելացնել, իսկ դա մեր փոքր գյուղի համար քիչ պատդերժկա չէր: Հիմա գյուղացին իր քթի տակ աշխատանք կունենար, համ էլ էստեց –էնտեղ չէր ընկնի: Իր ծղոտը, որ վաճառում էր հենց իր դռան դեմից, նորից շահող դուրս կգար գյուղացին: Էլ չենք ասում, որ հարմար գնով էժան վառելիք էինք ձեռք բերում: Նույնիսկ շատ դեպքերում հատուկ տրանսպորտ չէինք օգտագործում՝ ծախս անելով, իսկ երբեմն էլ Սուրենից, մեր լեզվով ասած, նիսայով էինք վերցնում: Նա հասկանում էր գյուղացու վիճակը, մտնում էր մեր դրության մեջ ու հիմա խնդրում ենք Կոտայքի մարզպետին ու վարկային կազմակերպությանը, որ իրենք էլ մտնեն Սուրենի դրության մեջ ու գոնե էդ հարցով աջակցեն: Իսկ եթե բարի կամք դրսևորեն ու աջակցեն, հավատացած ենք, որ չեն փոշմանի, նորից արտադրամասը ոտքի կհանեն»:
Իսկ թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ դրա պատասխանը պետք է տան իրավապահները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+