«Հայաստան» դաշինքի նպատակների մեջ է, որ երկրի ղեկին գա նոր իշխանություն. Օհանյան
«Հայաստան» դաշինքի նպատակներից մեկն է երկրի ղեկին նոր իշխանության գալուն հասնելը, այդ նպատակի համար պատրաստվում են օգտագործել բոլոր օրինական մեթոդները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրին համանուն խմբակցության պատգամավորները խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նրանց քաղաքական ուժը շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և եթե նա հրաժարական տա, նրանց ուժը կկարողանա՞ երկրում ստեղծված ծանր իրավիճակում բեկում մտցնել:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը քննադատեց գործող իշխանության վարած քաղաքականությունը՝ որակելով պարտվողական: Նրա գնահատմամբ՝ գործող իշխանությունը ձախողել է արտաքին քաղաքականությունը, չի օգտագործել բանակցային ամբողջ ներուժը, հարվածի տակ է գտնվել անվտանգության համակարգը, և Ադրբեջանը, օգտվելով այս իրավիճակից, սկսել է պատերազմը: «Հայաստան»-ի նպատակների մեջ կա այն, որ ՀՀ ղեկին պետք է լինեն համապատասխան մարդիկ, նոր իշխանություն, որը կարող է և´ ազատ բանակցել, օգտագործել այն ամբողջ ներուժը, որը 27-30 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել, և´ կազմակերպչական ունակությունների արդյունքում էլ կարող է արագ վերակազմավորել, առաջին հերթին երկիրը դուրս բերել հոգեբանական այս իրավիճակից, ձևավորել անվտանգության համակարգը, նաև բանակը»,-ասաց Օհանյանը:
Նա վստահեցրեց, որ ընդդիմության աշխատանքներն ընթանում են ոչ միայն ԱԺ խմբակցության ներսում, այլ նաև աշխատանքներ են տեղի ունենում դաշինքի համապատասխան կառույցներում՝ իրենց օգտին քվեարկած քաղաքացիների հետ: «Մենք այդ աշխատանքները տանելու ենք և փորձելու ենք հասնել համապատասխան իրադրության:
Օհանյանը թեև չի կարծում, որ գործող իշխանությունը հրաժարական կտա, սակայն համարում է, որ այդպիսի իրավիճակի համար իրենք ունեն համապատասխան թիմ, որը կարող է լիարժեք՝ և´ միջազգային, և´ ազգային երաշխիքների ուղղությամբ արագ աշխատանք տանել:
Պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հայտնեց, որ միանշանակ բոլոր մեթոդներն օգտագործելու են իրենք: «Օգտագործելու ենք բոլոր օրինական, սահմանադրական մեթոդները՝ դժգոհությունը, մարդկանց բողոքը, պահանջները տեղ հասցնելու և հանրության մոտ առավել շատ վստահություն և իշխանափոխության պահանջ առաջադրելու ուղղությամբ»,- ասաց պատգամավորը: