211652_close_icon
views-count63958 դիտում article-date 12:40 29-09-2021

Մահացել է սիրված երգիչ Հայկոն

Քիչ առաջ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում մահացել է սիրված ու ճանաչված երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն (Հայկ Հակոբյան)։

SHAMSHYAN.com-ը ցավակցում է Հայկոյի հարազատներին ու ընկերներին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ կորոնավիրուսի հետևանքով 44-ամյա Հայկոն ծանր վիճակում տեղափոխվել էր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Կենսագրություն

Հայկ Բարիսի Հակոբյանը՝  հայ փոփ երգիչ և երգահան, ծնվել է 1977 թ. օգոստոսի 25-ին, Երևանում, առավել հայտնի՝ Հայկո բեմական կեղծանվամբ։ Գրել է «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի սաունդթրեքը, որի համար արժանացել է մրցանակի։

Սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։

1987 թ. ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։

1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։

1997 թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։

1998 թ. հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։

1999 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին,

2002 թ.՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ»,

2003 թ.՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։

2003 թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։

2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։

2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։

2012 թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել՝ որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր